«Լրագիր» 19-8-2011- Հրապարակ թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, ով հայտնի է երկրում եւ Հայաստանից դուրս շինարարական բիզնես գործունեությամբ, պարզվում է որոշել է հնարավորինս մոնոպոլացնել այդ ոլորտը եւ փորձում է իր ձեռքն առնել շինանյութի առքուվաճառքով զբաղվող անգամ փոքր ձեռնարկությունները:Մասնավորապես, վերջերս նա բաժնետեր է դարձել Արարատի մարզի Փոքր Վեդու շինանյութի խանութներից մեկին, որը գտնվում է հենց մայրուղու վրա եւ ասում են` բավականին եկամտաբեր է: Չնայած խանութի տերերը, հասկանալի պատճառով, հերքում են Սաշիկ Սարգսյանի` փայ մտնելու փաստը, սակայն ողջ գյուղն այդ մասին է խոսում: Ավելին` ասում են, որ Սաշիկի մարդիկ եկել-մտել են խանութ եւ հրամայել` «կամ փակում եք, կամ աշխատում ենք 50/50»:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ Սաշիկ Սարգսյանը բուռն գործունեություն է «ծավալում» նաեւ ձկնաբուծարանների ուղղությամբ: Տարբեր ժամանակ, մամուլը գրել է նրա ամերիկյան “բիզնեսների”, ոչխարի արտահանումների եւ այլնի մասին, տարբեր աղմկոտ պատմությունների մասին, որոնց կենտրոնում եղել է Սաշիկ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել բարեփոխումների մասին, նշելով, որ ապագա խորհրդարանում չպետք է լինեն գործարար-պատգամավորներ: Շատերն են նշում, որ Սերժ Սարգսյանը, իր ասածը համոզիչ դարձնելու համար, պետք է ինքն առաջինը «օրինակ ծառայի»: Վերջերս հայկական թերթերից մեկը տեղեկություն էր տարածել, սեփական աղբյուրներին հղում անելով, որ Սաշիկ Սարգսյանը նոր խորհրդարանում չի լինելու:
Սրանով, կարծես թե առաջին քայլն արվում է, սակայն խնդիրն այդպիսով չի լուծվում: Սերժ Սարգսյանը պետք է կարողանա վերջ տալ նաեւ վերը նշված երեույթներին եւ իր եղբորը «տեղավորի» օրինական տնտեսվարման մեջ` հիմնված ազնիվ մրցակցության, հովանավորության բացակայության, հավասար մեկնարկային պայմանների եւ այլ գեղեցիկ բաների վրա, ինչի մասին ամեն օր բարձրաձայնում են Սերժ եւ Տիգրան Սարգսյանները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment