Tert.am. 26-8-2011- «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում մեկնաբանելով հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկումը, թե երկխոսությունը իշխանության հետ առկախվեց երիտասարդների պրովոկացիայի արդյունքում՝ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասաց, որ ցավալի է, որ երկխոսությունն առկախվեց, սակայն «պրովոկացիա» բնորոշման հետ համաձայն չէ։«Մեր երիտասարդները հասուն մարդիկ են՝ քաղաքականապես լուրջ, բարձր ճաշակով և լավ կրթված։ Նրանք պայքարում են անարդարության դեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ ակտիվիստները չեն ցանկանում հանդուրժել, երբ ոստիկաններն անհարկի մոտենում են, ստուգում, փաստաթղթեր պահանջում, նվաստացնում քաղաքացիներին։ Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ ակտիվիստներից ձևավորվել է «Ոստիկանությունների անարդարությունների և բռնությունների դեմ պայքարող կազմակերպություն», որի անդամները Երևանի փողոցներում, իրոք, անհանդուրժող են իրավախախտումների նկատմամբ։
«Էդ բոլոր հեքիաթները շների ու դնչկալների մասին մոռացեք, նման բան չի եղել: Թեպետ, իհարկե, նրանք մի քսանհինգ շուն կգտնեն, որ ցուցմունք տան»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Կոնգրեսի երիտասարդը մոտեցել էր ոստիկանների կողմից իրավախախտումով և նվաստացմամբ ստուգման ենթարկվող երիտասարդին և առաջարկել ոստիկանին՝ ստուգման ընթացքին որպես ընթերակա ընդգրկվել:
Նա պատմեց ժամեր շարունակ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու և փոխադարձ հայհոյանքների մասին՝ հավելելով. «Վստահ եմ, որ Տիգրան Առաքելյանը հայհոյած կլինի»։ Զուրաբյանը նշեց. «Միակ տեղը, ուր ծեծը դադարել է, դա մեկուսարանն է եղել»։ Նա պատմեց նաև փաստաբանների նկատմամբ իրավախախտումների և բռնությունների մասին՝ հիմնավորելով իրենց կողմից երիտասարդներին «քաղբանտարկյալ» որակելը։
Զուրաբյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են երիտասարդների խափանման միջոց կալանքը փոխել Կոնգրեսի երաշխիքների հիման վրա, որով իրենք պիտի երաշխավոր լինեին ակտիվիստների վարքի համար, սակայն կոալիցիոն աշխատանքային խումբը մերժել է այդ առաջարկը։
Հաղորդավարի հարցին, թե յուրաքանչյուր քաղաքացու կողմից Կոնգրեսի անդամին «թթու խոսք ասելը» կամ ինչ-որ իրավախախտման պատճառով նրա ձերբակալվելը մի՞շտ է որակվելու որպես քաղաքական դրսևորում կամ «քաղբանտարկյալներ»-ի առկայություն, Զուրաբյանը պատասխանեց. «Դու հենց հիմա ոստիկանապետի նման նույնքան ապօրինաբար խախտեցիր անմեղության կանխավարկածը»,- հավելելով, որ մինչև դատական գործընթացի ավարտը ոչ ոք իրավունք չունի Տիգրան Առաքելյանին մեղավոր համարել։
Անդրադառնալով մինչ օրս գաղտնի պահվող՝ Առաքելյանին ազատելու խոստումների մասին՝ Զուրաբյանն ասաց. «Խոստումները տրվել են Դավիթ Հարությունյանի կողմից: Նա գրեթե բառացի ասել է. «Իրավական գործընթացը ցույց տվեց, որ երիտասարդների նկատմամբ կիրառվում է ոչ խտրական մոտեցում» »։ Ըստ Զուրաբյանի՝ Հարությունյանը նշել էր, որ նույն ոչ խտրական մոտեցումը շարունակվելու է, որին Կոնգրեսը պատասխանել էր, որ դա ընկալում է որպես շատ լուրջ առաջընթաց և ակնկալում, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը կփոխվի, «այսինքն՝ վերջին խոչընդոտը հեռացված է»։ Սակայն հույսերը չեն արդարացել, և իրենք որոշել են առկախել երկխոսությունը։
Զուրաբյանը հիշեցրեց օգոստոսի 2-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն այն մասին, որ եթե իշխանությունն արտահերթ ընտրությունների հարցում չկողմնորոշվի առաջիկա 1-2 ամսում, սեպտեմբերին Կոնգրեսը ողջամիտ ժամկետը սպառված կհամարի: Զուրաբյանը հավելեց, որ սեպտեմբերը 1-ից 31-ն է, և իրենք «այդքան ճկունություն պահելու են»։
Կոնգրեսի համակարգողը նաև նշեց, որ այս պահի դրությամբ երկխոսությունը լիովին ձախողված չէ, միայն առկախված է, մինչդեռ, իր դիտարկմամբ, կոալիցիոն աշխատանքային խումբը ցանկանում է «պայթեցնել» այն։
«Այս երկխոսությունը նմանվում է շախմատի, որի ընթացքում սեղանի տակից հակառակորդը ոտքերով հարվածում է քեզ»,- եզրափակեց նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment