Wednesday, August 3, 2011

Եկեղեցին պետք է ավելի ակտիվ պայքարի կրոնական շարժումների դեմ. կառավարության ներկայացուցիչ

News.am. 3-8-2011- Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցու դերը պետք է առավելագույնս մեծանա կրոնական տարբեր շարժումների դեմ պայքարում։ «Մեր եկեղեցու գործունեությունը կարող էր ավելի ակտիվ լինել»,– այսօրվա ասուլիսում նշեց նա։
Ասցատրյանը համոզմունք հայտնեց, որ աղանդների դեմ պայքարել պետք է միայն ժողովրդավարական ճանապարհով։ Վարդան Ասցատրյանը անթույլատրելի համարեց դպրոցների մերձակայքում, բակերում զանազան ոչ ավանդական եկեղեցական կառույցների հիմնումը՝ որպես հոգեորսության դեմ պայքարի միջոց։ Նա ներկայացրեց, որ իրենց վարչությունը դիմել է Առողջապահության նախարարություն, որտեղից էլ տվյալներ են տրամադրել առ այն, որ շուրջ 150 անձի հոգեկան խանգարման պատճառ եղել են նրանց կողմից աղանդավորական տարբեր շարժումներին հարելը։ Այնուամենայնիվ, ըստ բանախոսի, կրոնական կազմակերպությունները ձգտում են հնարավորինս անխոցելի դառնալ վարքի առումով և հնարավորինս օգտվում են սահմանված օրենքներից։
Անդրադառանալով իր ղեկավարած կառույցի աշխատանքներին, բանախոսը պարզաբանեց, որ իրենց հիմնական դերը պետության և ազգային փոքրամասնությունների ու կրոնական կազմակերպությունների միջև միջնորդական առաքելություն կատարելն ու փաստեր հավաքելն է։ «Այդ շրջանակում այս տարի մեզ դիմել է մի կրոնական կազմակերպություն՝ Արին Բերդի տարածքում գերեզմանոց կառուցելու խնդրանքով, ինչի համար մենք դիմել ենք կադաստր։ Նաև մալականներն են դիմել՝ եկեղեցի կառուցելու խնդրանքով»– արձանագրեց Վարդան Ասցատրյանը։

No comments: