Tuesday, August 30, 2011

Հայոց եկեղեցու հանձնաժողովի չորրորդ ժողովին քննարկվել է Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցը

Tert.am. 30-8-2011- Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մայրավանքում օգոստոսի 22-25-ը գումարվել է Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցի շուրջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանձնաժողովի 4-րդ ժողովը:
Մայր Աթոռից հայտնում են, որ առավոտյան ժամը 9։30-ին հանձնաժողովի անդամները Անթիլիասի մայրավանքի Ս. Ստեփանոս Նահատակաց մատուռում հոգեհանգստյան արարողություն են կատարել առավել քան 1.5 միլիոն նահատակների հոգիների խաղաղության համար:
Ժողովն անդրադարձել է նախորդ երեք հանդիպումների արձանագրություններում արծարծված առկախ մնացած հարցերին և կատարել անհրաժեշտ ցուցումներն այդ հարցերի պատասխանների ձևակերպումներն ամբողջացնելու համար: Ժողովը բանաձևել է ներքոհիշյալ հարցերի պատասխանները.

1. Քրիստոսի ընդհանրական եկեղեցին ինչպե՞ս էր հռչակում իր սրբերին.
2. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ եղել, որ մեր Եկեղեցին որևէ անձի սուրբ ճանաչի.
3. Ինչպե՞ս և ու՞մ միջոցով էր կատարվում սրբադասումը Հայ Եկեղեցում.
4. Ինչու՞ Հայ Եկեղեցին վերջին 500 տարիների ընթացքում որևէ սուրբ չի հռչակել:
Հանձնաժողովի կյանքի կոչվելուց հետո իր աշխատանքների վերաբերյալ մեկ անգամ ևս ընթերցվել են հայ մամուլի մեջ տեղ գտած հրապարակումներն ու հոդվածները և հաստատվել է.

1. գնահատել հոդվածագիրների նախանձախնդրությունն այս հարցի կապակցությամբ.
2. արձանագրել, որ այդ հրապարակումների մեջ եղած բազմաթիվ մտահոգություններն արդեն իսկ նկատի են առնվել հանձնաժողովի նախորդ երեք ժողովներում և դրանց գրավոր արտահայտությունները տեղ են գտել ժողովների արձանագրություններում.
3. արձանագրել նաև, որ այդ հրապարակումներում կան որոշ թյուրիմացություններ և թյուրըմբռնումներ, որոնք գալիս են հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկություն ունենալուց, ինչպես նաև խնդրո առարկա նյութերի մասին պակասավոր իմացությունից և սուբյեկտիվ վերաբերմունքից.
4. միաժամանակ օգտակար համարել հետայսու ևս այս հարցի կապակցությամբ արտահայտվող ամեն մի դիտողություն և մտահոգություն, որոնք պիտի նկատի առնվեն և քննարկվեն հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովը հատուկ կարևորությամբ մեկ ամգամ ևս հաստատել է, որ Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցը բնավ քաղաքական աստառ չունի և չպետք է ունենա: Հայ Եկեղեցին ինչպես անցյալում, այնպես էլ 20-րդ դարասկզբին ունեցել է Քրիստոսի անվան համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակներ, որոնց սրբադասման հնարավորությունը կազմում է այս հանձնաժողովի քննարկումների առանցքը:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է հանձնաժողովի անդամներին և իր օրհնություններն ու բարեմաղթանքներն է բաշխել նրանց` մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանձնաժողովի առաջիկա աշխատանքային հանդիպումը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 5-10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

No comments: