Tuesday, August 30, 2011

Գերագույն գլխավորի եւ նախարարի լիմիտը

«Լրագիր» 30-8-2011- Օրերս Զինուժը ցուցադրում էր, թե ինչպես է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել Զորի Բալայանին եւ “Արմենիա” նավի անձնակազմին, ովքեր շուրջերկրյա նավարկությունից են վերադարձել: Անձնակազմը նախարարին գլոբուսով ցույց էր տալիս, թե որտեղով են անցել, ինչպես:
Սովորաբար զինուժը այդպիսի բաներ է ցույց տալիս: Իսկ ահա օրինակ օգոստոսի 26-ին Եղնիկներ զորամասում մահացած երիտասարդի մասին Զինուժը ոչինչ ցույց չտվեց: Այդպիսի բաներ ցույց չեն տրվում, երեւի բանակի մարտական ոգին եւ բանակի հանդեպ հասարակության սերը չերերացնելու համար: Մեր ժամանակներում դա ոգու պաշտպանության բավական ընդունված տարբերակ է, հատկապես իշխանական շրջանակներում. թող մարմինները սպանվեն, բայց դրա մասին պետք չէ խոսել, որպեսզի ազգի ոգին պահպանվի:
Պետք է խոսել եւ ցույց տալ Զորի Բալայանի նավարկության կադրերը, հետո նրան ընդունել իշխանական աշխատասենյակներում եւ հանուն պետության լուսանկարվել նրա հետ: Իսկ լավ չէր լինի արդյոք, եթե օրինակ պաշտպանության նախարարը Զորի Բալայանով զբաղվելու փոխարեն մի քանի րոպե ավելի զբաղվեր բանակում զինծառայողների անվտանգության խնդրով, որպեսզի բանակում վերջապես դադարեին սպանել կամ ինքնասպանության հասցնել զինծառայողներին:
Թեեւ, ըստ երեւույթին Սեյրան Օհանյանի զբաղվելու ժամանակն արդեն սպառվել է եւ ժամանակն է զինծառայողների անվտանգությունից ելնելով պարզապես հրաժարական տալ, քանի որ ակնհայտ է, որ նախարարին երեք տարի է չի հաջողվում բեկում մտցնել բանակային մթնոլորտում եւ փոխել “մարդասպան” մթնոլորտը: Եթե ինչ որ բան կամ ինչ որ մեկը Սեյրան Օհանյանին խանգարում է անել այդ բանը, աշխատել առավել արդյունավետ, ապա նա թող այդ մասին բարձրաձայն հայտնի հանրությանը` նրանից աջակցություն ստանալու հստակ ակնկալիքով:
Եթե նա այդ բանը չի անում, ուրեմն արդեն ժամանակն է, որ մտածի հրաժարականի մասին, որովհետեւ բանակում վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղ պայմաններում արձանագրված մահերի քանակը չափազանց շատ է մի նախարարի համար: Ընդ որում, գրեթե լիովին անպատժելի մահերի քանակը, որովհետեւ անգամ բացահայտված դեպքերում, բացահայտումները հանրությանը շատ քիչ են վստահություն ներշնչում, թե պատժվում են իրական մեղավորները: Համենայն դեպս, գրեթե բոլոր զոհերի հարազատները մինչ այժմ շարունակում են պահանջել իրական մեղավորների բացահայտումներ եւ պատիժ:
Եվ այդ մասին պետք է մտածի նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարը, այլապես մոտեցել ենք կամ մոտենում ենք մի սահմանի, եթե իհարկե արդեն չենք մոտեցել, երբ խաղաղ պայմաններում արձանագրված մահերի քանակը արդեն շատ կլինի նաեւ մեկ Գերագույն գլխավոր հրամանատարի համար:
Հասկանալի է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի համար շատ ավելի հաճելի զբաղմունք է նախագահի նստավայրում աշակերտական օլիմպիադայի հաղթողներին ընդունելը, նրանց նվերներ հանձնելը, նրանց հետ լուսավոր ապագայի մասին խոսելը, բայց Գերագույն գլխավոր հրամանատարը ստիպված է նաեւ “զզվելի” բաներով զբաղվել` ինչպես ինքը ժամանակին բնորոշեց բանաի հանդեպ քննադատությունը: Չէ որ խոսքը հայաստանցի երիտասարդների կյանքի եւ անվտանգության մասին է, ինչը պետք է գնահատել ասենք անկախ դպրոցական կամ շախմատային օլիմպիադաներում նրանց մասնակցության փաստից կամ նվաճած մեդալների քանակից ու գույնից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: