Monday, August 29, 2011

Հայաստանի Հանրապետության առաջին վարկի տխուր վերջը

HayNews.am. 29-8-2011- Հայաստանի Հանրապետության կողմից, վերջին քսան տարիների ընթացքում ներգրավվել և մարվել են բազում վարկեր: Այս վարկերի մասին, մանավանդ վերջին տարիներին, հասարակությունը ունի լայն ինֆորմացիա, որովհետև այդ տեղեկատվությունը ազատորեն հասանելի է ինտերնետային կայքերի, թերթերի և այլ տեսակի ինֆորմացիոն աղբյուրների միջոցով: Դրանց մասին ծավալվում են քննարկումներ, ներկայացվում են զեկույցներ և ամեն քաղաքացի, ցանկության դեպքում, կարող է տեղեկատվություն ստանալ այդ ռեսուրսների ծախսման մասին: Իրավիճակը միանգամայն այլ էր 90-ական թվականներին, երբ պետության կողմից ներգրավված վարկերի մասին հասարակ քաղաքացու համար չկար և ոչ մի տեղեկատվություն: Այն ժամանակվա կառավարությունը՝ ի դեմս Վարչապետ Հրանտ Բագրատյանի ցանկություն էլ չուներ այդ տեղեկատվությունը հասանելի դարձնելու հանրությանը, մինչդեռ 1994-1996 թվականներին էր, որ Հայաստանի Հանրապետությունը ներգրավեց ահռելի չափերի՝ 1,15 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող վարկային միջոցներ միջազգային դոնորներից: Այս ամենի ներքո անդրադարձ կատարենք նրան, ինչ կարելի է անվանել Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարկ: Մինչ սա իհարկե ուրիշ վարկեր նույնպես եղել են, բայց դրանց տակ ստորագրությունը չի դրել Հայաստանի ղեկավարությունը: Այս վարկի ստացման պայմանագիրը կնքվել է 1993 թվականին, դրա գումարը կազմում է 57.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ վարկատուն Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկն է: Վարկը, ինչպես և 90-ականների կեսերին ներգրավված այլ բազում վարկեր ,ունեցել է պայծառ նպատակ: Այս դեպքում դա եղել է Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկի կառուցումը: Հիշեցնենք, որ դրա շինարարությունը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին՝ մասնավորապես 1987 թվականին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո կանգ էր առել: Կատարված հաշվարկների հիման վրա կանխատեսվում էր, որ վարկի գումարը բավարար կլինի այն ավարտելու համար և հայաստանցու համար կդառնա իրականություն փակված ատոմակայանի պայմաններում շուրջօրյա հոսանքի մատակարարումը: Բայց ավաղ այդ ամենը մնաց միայն թղթի վրա՝ մի խումբ անձանց պատճառով, ովքեր տեսան դրանում հարստանալու հնարավորություն: Այս ամենը պարզվեց ավելի ուշ, 1996 թվականին, երբ բոլոր գումարները արդեն յուրացված էին, իսկ էներգաբլոկը իհարկե հեռու էր պատրաստ լինելուց: Դատախազության և ֆինանսների նախարարության կողմից իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրվել էին Հայաստանի պատմության մեջ թերևս ամենածավալուն յուրացումները, գումարների ոչ նպատակային ծախսումները և այլ տիպի չարաշահումներ: Մասնավորապես, 1994 թվականին տեղի է ունեցել շինարարության պատվիրատուի փոփոխություն և հանձնման ընդունման ժամանակ չեն փոխանցվել 2.3 մլն դրամի դեբիտորական մնացորդները /թվերը բերված պայմանագրերի կնքման պահին գործող փոխարժեքով/: Կնքված պայմանագրերի հիման վրա պակաս է ներկրվել մոտ 300 տոննա մետաղական կոնստրուկցիաներ, չեն մուտքագրվել տասնյակ տոննաների մետաղական գլանվածքներ: Կասկածելի ընկերությունների հետ կնքված պայմանագրերի արդյունքում ահռելի գումարների պայմանագրեր են կնքվել, որոնք չեն կատարվել, սակայն գումարները վճարվել են: Այսպես, միայն «Մարմարիկ» ՊՁ-ի հետ կնքված պայմանագրի արդյունքում չի առաքվել 231 տոննա սարքավորումներ: Վերոնշյալ ընկերության հետ նաև կնքվել է 400,000 դոլարը դրամի հետ փոխանակելու պայմանագիր, որի արդյունքում ստացվել է միայն 50,122 դոլարին համարժեք դրամ: Մնացած գումարը հաշվապահական ձևակերպումների միջոցով փոշիացվել է: Ստուգման արդյունքում բացահայտվել է 1 մլն ԱՄՆ դոլար գումարի և 345 տոննա կաթսաագրեգատի սարքավորումների պակասուրդ: Կնքվել են պայմանագրեր, որոնցում նշված փոխարժեքը եղել է 2 անգամ ցածր, քան այդ պահին գործող պաշտոնականը: Դրա արդյունքում պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս: 1994 թվականին Հրազդանի ՊՇԷԿ-ի կողմից կնքվել է 418,000 դոլարի պայմանագիր, ընդ որում նույն օրը ստորագրվել է ևս մեկ պայմանագիր՝ նույն համարով՝ 618,000 դոլար գումարով: Այս ամենի հետևանքով ավել է փոխանցվել 625,000 դոլար գումար: Արձանագրվել է հարյուրավոր տոննաների ցեմենտի, գաջի և այլ շինանյութերի պակաուրդներ, ինչպես նաև առանց որևէ հիմնավորման դուրս է գրվել հարյուր հազարավոր դոլլարների հասնող ծախսեր: Այսքանից հետո արդեն անիմաստ է նշել այնպիսի «մանր» խախտումներ, ինչպիսիք են «ԳԱԶ-31» մեքենաների ձեռք բերման պայմանագիրը՝ 3,4 դրամ գումարով, ինչպես նաև այլ մի շարք խախտումներ: Այս խախտումների հիման վրա դատախազությունը հարուցել է մի շարք քրեական գործեր և պատասխանատվության ենթարկել տարբեր պաշտոնյաների: Բայց այս ամենում, ուր էր նայում այն ժամանակվա կառավարությունը՝ ի դեմս դրա ղեկավար Հրանտ Բագրատյանի անհայտ է: Քանի որ հենց նրա օրոք է տեղի ունեցել այս ահռելի գումարների հասնող յուրացումները, և այդպես էլ իրականություն չի դարձել շուրջօրյա հոսանքի մատակարարումը Հայաստանի Հանրապետությունում:
Բարեբախտաբար, իհարկե, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ճակատագիրը այսօր արդեն ապահով է: Այն կհանձնվի շահագործման այս տարի և կապահովի Հայաստանի Հանրապետությանը էներգիայով, որը միշտ այդքան անհրաժեշտ է:
Սարգիս Վահրամյան

No comments: