Monday, August 29, 2011

Աստված մի արասցե, ժողովուրդը դիմի զենքի

Հարցազրույց ՀԱԿ անդամ, նախկին հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանի հետ

- Սուրեն, Դուք մշտապես մասնակցում եք ընդդիմության հրավիրած հանրահավաքներին եւ քաղաքացիական նախաձեռնություններին: Կանխատեսո՞ւմ էիք, որ Համաժողովրդական ընդվզմանը, երբ բավականին շատ էին վճռական գործողությունների կողմնակիցները եւ <հիմա, հիմա> վանկարկողները, կհաջորդի հակահեղափոխական շրջան:
- Ինձ հայտնի էր իշխանությունների` կոռումպացված, հանցավոր էությունը: Չէի սպասում միայն, որ նրանք այնքան ստոր կգտնվեն եւ կկրակեն սեփական ժողովրդի վրա: Չէի սպասում նաեւ, որ կգտնվեն նաեւ մարդիկ, որոնք իրենց համաձայնությունը կհայտնեն իշխանությունների գործողություններին: Ես չէի կարծում, որ մարդկային որակների այսպիսի աղճատում, դիմազրկում է տեղի ունեցել: Այս ամենը տեսնելուց հետո բնականաբար կանխատեսելի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` համակարգը կազմաքանդելուն ուղղված հետագա քայլերը պետք է լինեն հանդարտ, կշռադատված, որոշակի դադարներով, որպեսզի զերծ մնանք հնարավոր կորուստներից: Պետք է անընդհատ աշխարհին ցույց տալ եւ հիշեցնել, թե ինչպիսի ապիկար, կոռումպացված եւ ստոր իշխանությունների հետ գործ ունեն Հայաստանում, ինչպես են նրանք խժռում մեր երկրի ռեսուրսները եւ մեր երեխաների ապագան: Ես տեսնում եմ, որ այսօր իշխանությունը սնանկ է եւ կանգնած է լինել-չլինելու խնդրի առջեւ: Նույնիսկ ՀԱԿ-ի հետ սկսած երկխոսությամբ իշխանությունը ցույց տվեց, որ ինքը զբաղված է իմիտացիայով:

- Քաղաքական-վերլուծական շրջանակներում տեսակետներ են հնչում, որ իշխանությունը կարող է օգտագործել ընդդիմության ընձեռած շանսը եւ հեռանալ առանց գիլյոտինի, առանց հեղափոխության: Հավանակա՞ն եք համարում այս սցենարը:
- Ես դա համարում եմ ցանկալի տարբերակ: Իսկապես ընդդիմությունը իշխանությանը հնարավորություն է տվել հեռանալու առանց ցնցումների: Օլիգարխները պետք է սկսեն գիտակցել, որ թոշակառուից օրական հարյուր դոլար գողանալով եւ մեկ դոլար նետելով այլեւս հնարավոր չէ նրանց խաբել: Ամոթ է, երբ ամեն մի նման <բարեգործությունից> հետո անատամ մարդկանց ստիպում են հեռւոստեթերով գովերգել այդ օլիգարխներին: Այսպես չի կարող երկար շարունակվել, եւ նույն օլիգարխները պետք է հասկանան, որ մի օր վերջ է տրվելու իրենց հակապետական գործողություններին: Մամուլում հրպարակումներ եղան, որ ՊԵԿ նախագահը երկու հարյուր միլիոն եվրոյով շոկոլադի գործարան է գնել արտերկրում: Որտեղի՞ց են նրան այդ գումարները:

- Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ իշխանություններին չսպասարկող մամուլի էջերում շրջանառվում է այն տեսակետը, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում էլ կարող է կրկնվել եգիպտական սցենարը:
- Ցավով կարող եմ նշել, որ, երբ վերջին հանրահավաքից առաջ իրազեկման էի գնացել Երեւանի վարչական շրջաններից մեկը, մարդիկ իջան իրենց պատշգամբներից բակ եւ սկսեցին գոռգոռալ` մեզ զենք տվեք, սրանցից (նկատի ունի իշխանություններին) միայն զենքով կարելի է ազատվել: Սա ահազանգ պետք է լինի իշխանությունների համար, որ մեր քաղաքացիները նույնիսկ զենքով են պատրաստ պաշտպանել սեփական իրավունքները: Աստված մի արասցե, որ ժողովուրդը դիմի նման ճարահատյալ քայլի:

- Հեռուստաընկերություններն այսօր մեր հանրությանը պահում են տեղեկատվական շրջափակման մեջ, եւ շատ լրագրողներ պնդում են, որ եթերը պրոֆեսիոնալի տեղը չէ: Որպես նախկին հեռուստալրագրող` չե՞ք կարծում, որ պետք է պայքարել նախ եւ առաջ հեռուստաեթերը հանրությանը վերադարձնելու համար:
- Դա կախված է արդեն քաղաքական իշխանությունից: Մեր հեռուստաընկերությունների գործունեոթւյունն ուղղված չէ ՀՀ քաղաքացուն: ՀՀ քաղաքացին չի երեւում եթերից, նրա շահերը, իրավունքները, հետաքքրքրությունները արտացոլված չեն հեռուստաեթերում: Հայկական հեռուստաընկերությունները զբաղված են սերիալներ ցուցադրելով, որոնք ավելի անճաշակ ու ցածրորակ են, քան` նույնիսկ բրազիլական սերիալները: Մահվանից առաջ զրուցում էի հայտնի դերասան Խորեն Աբրահամյանի հետ: Հիշում եմ նրա խոսքերը: Նա ասաց. <Թատրոնից կամ ես արդեն չեմ հասկանում, կամ էլ սրանք են ապուշ: Գալիս, դերասանի անվան տակ ծաղրածուություն են անում, բայց ախր կարգին ծաղրածու էլ չեն>: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր տխրահռչակ Տիգրան Կարապետիչը աջ ու ձախ <ադամանդներ> շռայլում երգող-պարող երեխաներին: Այդ <ադամանդներից> մեկը քննություն էր հանձնում կոնսերվատորիայում: Երբ քննական հանձնաժողովը նրա ձայնային տվյալների մասին վերապահումներ է հայտնում, այդ աղջնակը հիշեցնում է, որ իրեն Տիգրան Կարապետիչը <ադամանդի> է արժանացրել: Սա խոսուն ապացույցն է այն բանի, թե ցանկացած ոլորտում ինչի է հանգեցնում տգետ կառավարումը:
Թագուհի Հակոբյան

No comments: