Tuesday, August 2, 2011

Բազմիմաստ շահարկումներ ԱՍԱԼԱ-ի շուրջ

Սոցիալական ցանցում շարունակվում են կոշտ բանավեճերը ԱՍԱԼԱ-ի պատմական գործողությունների վերաբերյալ: Երբ ամիսներ առաջ թուրքական մամուլը հրապարակեց իրենց դեսպանատների էլեկտրոնային փոստով ստացված, իբր թե ԱՍԱԼԱ-ի հեղինակած սպառնալիքներով լի նամակների բովանդակությունը, պարզ դարձավ, որ առաջիկայում թուրքական կողմի պահանջով սպասվում է այդ կազմակերպության դեմ քարոզչական արշավ: Սպասվում էր, որ այդ քարոզարշավը կսկսվի Թուրքիայում: Սակայն, ի զարմանս մեզ, այն սկսվեց Հայաստանում : Մենք շարունակում ենք թերագնահատել թուրքական կողմին: Իսկ թիրախը կազմակերպության գոյությունը կամ սառեցված գործունեությունը չէ. թիրախը հայ երիտասարդ նոր սերնդի հակաթուրքական ներքին զգացումն է:
Եթե այսպիսի բանավեճ ծագեր արտասահմանյան մամուլում, ապա դա չէր կարող բավարարել թուրքական կողմին: Ինչպես քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանն է ճիշտ մեկնաբանել թուրքական կողմի պահանջն ու ցանկությունը` նշելով այդ մասին իր թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում, Հայաստանը պետք է դատապարտի ԱՍԱԼԱ-ի գործողությունները և այն որակի որպես ահաբեկչական: Սուրենյանցի և Ռիչարդ Կիրակոսյանի թուրք գործընկերները, լավ իմանալով հանդերձ, որ անգամ Թուրքիայի հանրապետությունն է իրականացրել հայերի ցեղասպանությունը, երբեք բանավեճ չեն սկսում այն մասին, որ Թուրքիան համարեն ցեղասպան պետություն: Հայ քաղաքական վերլուծաբանները, լավ իմանալով, որ ԱՍԱԼԱ-ի գործողությունները լիովին կարելի է նաև ահաբեկչական որակել, նաև այդ բանավեճն են սկսում հայ հասարակության մեջ: Գուցե լավ կլիներ, որ մեր քաղաքական վերլուծաբանները պատվերը կատարելուց առաջ նաև նախապայման առաջարկեին թուրքական կողմին. այո, իրենք սկսում են բանավեճ ԱՍԱԼԱ-ի գործողությունների որակավորման վերաբերյալ, իսկ թուրք վերլուծաբանները սկսում են բանավեճ` Թուրքիա հանրապետությունը որպես ցեղասպան որակելու մասին: Օսմանյան կայսրության մեղքն անվիճելի է անգամ թուրք հասարակության մեջ: Իսկ ահա թուրքական հանրապետության Աթաթուրքի օրոք կատարված մեղքը կարիք ունի բանավեճի հենց թուրքական հասարակության մեջ: Միայն այս պարագան բավական է, որ Սուրենյանցի և Ռիչարդ Կիրակոսյանի ջանքերը համարվեն միակողմանի ծառայություն և լինեն անվստահելի: Կարելի է հանգիստ փնտրել տվյալներ ազատ ցանցում և տեղեկանալ թուրքական աղբյուրներից, որ թուրքական MIT ծառայությունը ևս ունեցել է մի կազմակերպություն, որն առանց դատ ու դատաստանի սպանել է հայ երիտասարդների տարբեր երկրների տարածքներում` դա համարելով պայքար ԱՍԱԼԱ-ի դեմ: Իսկ ո՞վ պետք է այդ գործողություններն ահաբեկչական որակավորի:
Սակայն թուրքական կողմը երբեք հակահայկական գործընթաց չի սկսում, եթե առնվազն մի քանի նպատակ չի հետապանդելու: Թե ինչու է ուզում թուրքական կողմն անընդհատ հայ, թուրք և միջազգային հասարակության ուշադրության կենտրոնում պահել ԱՍԱԼԱ անունը, դժվար չէ գուշակել: Առաջիկայում չի բացառվում անվանումով “հայկական “ , սակայն բնույթով թուրքական նոր ահաբեկչական կառույցի հայտնությունը, որի համար այսօր են հող նախապատրաստում Հայաստանում և Թուրքիայում: Եվ այդ կազմակերպությունն անպայման պետք է ունենա նաև հայ-քրդական հիմք: Թուրքերը նման գործերում շատ հնարամիտ են և չեն մանրանում: ԱՍԱԼԱ-ն մեզ համար պատմություն է: Սակայն բանավեճը չի ընթանում պատմագիտական հողի վրա:
Դժվար ժամանակներ են սպասում մեզ` մեր երկրում: Թուրքական հինգերորդ շարասյունը Հայաստանում նման է բազմագլուխ վիշապի: Եթե մի գլուխը կտրում ես, դրա փոխարեն երեքն են աճում: Եթե այսպես շարունակվի, ապա 2012թ-ի Թուրքիայի պետական բյուջեում հատկացումներ կարվեն Հայաստանում Զորավար Անդրանիկին ահաբեկիչ ճանաչելու քարոզարշավ սկսելու համար: Հայաստանում բազում “աշխատատեղեր” կստեղծվեն:
Աղբյուր՝ Armweeklynews.am 01.08.2011.

No comments: