Wednesday, August 31, 2011

Թուրքիան փորձում է խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից՝ խոստանալով ոչ մահմեդականներին վերադարձնել եկեղեցական ունեցվածքը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան փորձում է շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցից՝ հայտարարելով առգրավված եկեղեցական ունեցվածքը հայերին և ազգային մյուս փոքրամասնություններին վերադարձնելու մտադրության մասին, կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:
Օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Ռամադանի ավարտի կապակցությամբ կազմակերպված ընթրիքի ժամանակ վստահեցրել է երկրի ոչ մահմեդական կազմակերպությունների ներկայացուցիչներին կրոնական բոլոր միությունների իրավահավասարության ապահովման ձգտման մեջ: Նա տեղեկացրել է, որ շուտով ոչ մահմեդական կրոնական միավորումներին կվերադարձվի առգրավված սեփականությունը կամ կվճարվի փոխհատուցում սեփականության վերադարձի անհնարինության դեպքում:
«Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավը, որը շատ հետևողական է հայկական հարցում, առանց որևէ զիջման գործը հասցրել է այս օրինագծին, և այս ակտը պետք է գնահատել որպես «հայկական հարցի» տրամաբանական լուծումից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հերթական փորձ, ինչպես նաև որպես հարցի լուծման միջոց այս ամենը Եվրամիությանը ներկայացնելու փորձ», - ասաց Շիրինյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Քաղաքագետը նշեց, որ այս նախաձեռնությամբ Անկարան փորձում է «հայկական հարցից» շեղել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որի քննարկմանն են ներկայացված ունեցվածքի վերադարձի հետ կապված բավականին մեծ քանակությամբ հայցեր: Մյուս կողմից նա հիշեցրեց Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի բանաձևի մասին, որտեղ կոչ է արվում թուրքական իշխանություններին վերադարձնել երկրի տարածքում գտնվող քրիստոնեական առգրավված ունեցվածքը:
Թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանն իր հերթին եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությունը համարեց PR-ակցիա՝ ընդգծելով, որ նույնիսկ նմանատիպ օրինագծի ընդունման դեպքում թուրքական բյուրոկրատիան կխանգարի գործընթացն ավարտին հասցնել:
Նա նշեց, որ առաջարկվող օրինագծի համաձայն՝ Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնություններին վճարվող ֆինանսական փոխհատուցումը կազմում է շուրջ 150 մլն լիրա, ինչը հավասար է 90 մլն դոլարի:
Նրա խոսքերով՝ սա պարզապես չնչին գումար է՝ համեմատած այն ունեցվածքի արժեքի հետ, որից զրկվեցին Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը 1915-1923 թթ.-ի Հայոց ցեղասպանության հետևանքով: Թուրքագետի գնահատականների համաձայն՝ հայկական համայնքի ներկայացուցիչների բանկային մասնավոր հաշիվների վրա կար շուրջ 10 մլրդ դոլար:
Հովհաննիսյանը նաև ավելացրեց, որ Թուրքիայի ողջ տարածքում կա շուրջ 2,5 հազար եկեղեցի և 450 հայկական տաճար:
Եկեղեցական ունեցվածքի վերադարձը Եվրամիության հիմնական պահանջներից էր Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի քննարկման ժամանակ: Թուրքիան վերջին տարիներին ոչ մահմեդական կրոնական կազմակերպությունների հայցերին վերաբերող մի քանի դատական գործ է պարտվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Բարդուղիմեոս Պատրիարքը հայտարարել է, որ կառավարության ընդունած որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիան «ճիշտ ուղու վրա է»: Գլխավոր րաբբին ունեցվածքի վերադարձը «հեղափոխական քայլ» է համարել:
Միաժամանակ Հայ Դատի հայկական հանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիան «կվերադարձնի Հայոց ցեղասպանությունից հետո և հետագա տասնամյակների ընթացքում առգրաված եկեղեցական ունեցվածքի 1 տոկոսից պակասը»:

No comments: