Wednesday, August 31, 2011

Ադրբեջանում բնակվող ՌԴ քաղաքացիները հրաժարվում են Ադրբեջանի քաղաքացիությունից

Tert.am. 30-8-2011- «Ռուսաստանի հերոսները» խմբակցության ղեկավար Էդուարդ Խիդիրովը ռուսական «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի Խաչմազի շրջանի Խրախոբա և Ուրյանոբա գյուղի բնակիչների մեծ մասը, սպասվում է, որ մոտակա մեկ տարվա ընթացքում կտեղափոխվեն Դաղստանի Մագարամկենտի շրջան:
Նշենք, որ Խրախոբա և Ուրյանոբա գյուղերը բնակեցված են լեզգիներով (լեզգիները պատմական Աղվանքի հնագույն ժողովուրդներից են)։ Այդ գյուղերն այժմ Ադրբեջանի Խաչմազի շրջանի տարածքում են գտնվում, սակայն մինչև 2010թ. Դաղստանի Մագարամկենտի շրջանին են պատկանել, քանի որ դեռևս 1954թ-ին դրանք ժամանակավորապես ՌԽՖՍՀ Դաղստանի Ինքնավար Հանրապետությանն են հանձնվել՝ որպես արոտավայրեր օգտագործելու համար: 2010թ. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված պետական սահմանի մասին պայմանագրում Ռուսաստանը հաստատեց այդ գյուղերի պատկանելությունն Ադրբեջանին։ 2011. այդ գյուղերի բնակիչները Մախաչկալայում բազմիցս ցույցեր անցկացրեցին՝ բողոքելով այն բանի համար, որ իրենց թույլ չեն տալիս ՌԴ քաղաքացու կարգավիճակով շարունակել ապրել իրենց գյուղերում։ Ադրբեջանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ գյուղերի բնակիչները սահմանի մասին պայմանագրի ստորագրումից հետո կամ պետք է օրինականացնեն իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան, կամ լքեն այդ երկիրը։ Ադրբեջանի իշխանությունները բնակիչներին մինչև օգոստոսի 24–ը ժամանակ էին տվել, որպեսզի նրանք կամ ընդունեին Ադրբեջանի քաղաքացիություն, կամ Դաղստան տեղափոխվեին։
«Այն, որ օգոստոսի 24–ից հետո, այդ գյուղերի բնակիչներին չեն ստիպում լքել իրենց տները, թույլ են տալիս սպասել այնքան ժամանակ՝ մինչև համապատասխան պայմաններ ստեղծվի, դա Դաղստանի Հանրապետության ղեկավար Մագոմեդսալամ Մագոմեդովի շնորհքն է, որն այդ առնչությամբ հատուկ բանակցություններ է վարել Ադրբեջանի առաջին փոխվարչապետի հետ»,–ասել է Խիդիրովը և հավելել, որ ադրբեջանցի պաշտոնյաները հայտնել են, որ այն բնակիչները, որոնք Դաղստան կգնան, այլևս չեն կարող Ադրբեջան վերադառանալ։
Իսկ Մախաչկալայում հրատարակվող «Նոր գործ» պարբերականի գլխավոր խմբագիրը «Ռեգնումի» հետ զրույցում ասել է, որ վերոնշյալ գյուղերի բնակիչները որոշել են Ռուսաստան տեղափոխել, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել։
Լեզգիները պատմական Աղվանքի հնագույն ժողովուրդներից են: Նրանց մի մասը բնակվում է Դաղստանում, մյուս մասը` Ադրբեջանի հյուսիսում և հյուսիսարևմտյան շրջաններում։ ԽՍՀՄ փլուզումից հետո լեզգիները փորձեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից և վերջ դնել Բաքվի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը: Անկախանալու ձգտումները, սակայն, բռնի ուժով ճնշվեցին Բաքվի կողմից, որն իր անհանդուրժողական քաղաքականությունը շարունակում է իրականացնել մինչ օրս:

No comments: