Wednesday, August 31, 2011

Նոր հրատարակություն. Ներսես վրդ. Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունքը»

News.am. 31-8-2011- Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ներսես վարդապետ Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունքը» գիրքը:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ արժեքավոր այս աշխատությունը երկու գրքից բաղկացած մենագրություն-դասագիրք է, որը Մելիք-Թանգյանը գրել է Պետերբուրգում համալսարանական իր կրթությունն ավարտելուց հետո: Այս աշխատանքը նվիրված է հայոց կանոնական իրավունքի հարցերի քննարկմանը եւ եկեղեցական իրավունքի մի համապարփակ ձեռնարկ է հայ իրականության մեջ:
Այս գործը երկար տարիներ եղել է հայ հոգեւորականության սեղանի գիրքը եւ ծառայել է որպես դասագիրք Հայոց Եկեղեցու հոգեւոր ճեմարաններում: Այսօր էլ Ն. Մելիք-Թանգյանի աշխատությունը մնում է դեռեւս միակ հրատարակված գիրքը հայկական կանոնագիտական գրականության մեջ, որը նախատեսված է Հայոց Եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման համար:
Գիրքը առաջաբանով եւ ծանոթագրություններով հրատարակության է պատրաստել պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանը: Տպագրությունն իրականացվել է Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի ՙ«Զգոն Եպս. Տեր-Հակոբյան Հիմնադրամի» մեկենասությամբ:

No comments: