Friday, August 19, 2011

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՆ ՈՒ ԳՅՈՒԼԸ` ՅԱՐՈՍԼԱՎԼԻ ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

«ԱԶԳ», 19-08-2011- Ղարաբաղյան թեման ու դրա շուրջը տարվող բանակցություններն ըստ էության շուտով հայտնվելու են մի իրավիճակում, երբ ընտրությունները մեկ այս, մեկ այն բանակցող, ինչպես նաեւ միջնորդ համանախագահող երկրներում կհետաձգեն որեւէ ակտիվություն ու ինտենսիվություն դրսեւորելու ջանքերը:
Հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման` փաստաթղթի ստորագրմամբ ամփոփվելու այդպես էլ անարդյունք ելքից հետո, ինչպես նաեւ տարածաշրջանում սիրիական, թուրք-իրանական հարաբերությունների խնդրահարույց դառնալու, նաեւ մի շարք այլ բարդությունների ֆոնին ղարաբաղյան թեման մնում է միայն հիշատակումների, այլ ոչ գործողությունների հարթակին:
Այդուհանդերձ, ինչպես արդեն ներկայացրել է «Ազգը», որոշ մակարդակներում ղարաբաղյան հարցը քննարկվում է, ու շարունակվում են փորձերը գոնե Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներում նրան բերելու այդ կետին, որից շեղվել ու այդպես էլ համաձայնության գալ չի ուզում, ավելի շուտ` չի կարողանում Ալիեւ կրտսերը:
Խոսքը օգոստոսի առաջին տասնօրյակում Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման մասին է, որից հետո շատ հետաքրքրական համատեքստ է ստանում այն տեղեկությունը, թե ղարաբաղյան հարցը քննարկման թեմա է լինելու նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը:
Թուրքական որոշ պարբերականներ տարածել են, թե սեպտեմբերի 7-8-ին Յարոսլավլում կայանալիք Գլոբալ քաղաքական համաժողովի շրջանակներում Ռուսաստան կայցելի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Ըստ այդմ, Գյուլը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ` քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակն Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում եւ Սիրիայում:

Նախագահները պատրաստվում են քննարկել նաեւ ղարաբաղյան խնդիրը, եւ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, կարելի է ենթադրել, որ խնդրի քննարկման ուղղություններից մեկն էլ այն չհարթված վիճակներն են Ռուսաստան-Ադրբեջան փոխշփումներում, որոնց պատճառով էլ թերեւս Ադրբեջանի նախագահը դեմարշ անելու ձեւով է բացակայելու ԱՊՀ երկրների 20-ամյակի գագաթաժողովից, որ տեղի է ունենալու սեպտեմբերի 2-3-ը` Դուշանբեում:

Մյուս կողմից, Կազանի վերջին հանդիպումից Մեդվեդեւի հիասթափության մասին տարածված տեղեկությունները կարող են նաեւ հիմք տալ մտածելու, թե Գյուլի հետ ղարաբաղյան հարցի քննարկման ուղղություն կարող է լինել Ադրբեջանի հանդեպ ազդեցության գործադրման հեռանկարը:
Իսկ այն հանգամանքը, որ Ալիեւ կտրսերը Դուշանբե չմեկնելով փորձել է արտահայտել իր դժոգոհությունը Մոսկվայի դիրքորոշման առնչությամբ, չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի կողմից ծայրահեղ քայլ, որից պետք է մեծապես զգուշանալ, քանի որ հատկապես ղարաբաղյան հակամարտության խնդրի բանակցությունների համատեսքտում Ալիեւ կրտսերը փախչելու, լքելու, հեռանալու կեցվածքից զատ ուրիշ բան վերջերս չի կարողանում ի ցույց դնել: Ընդ որում, Դուշանբե չմեկնելու հանգամանքը կարող է նաեւ դիտարկվել որպես որեւէ կարգի բանակցային ձեւաչափում տեղավորվող հանդիպում չունենալու ցանկություն գոնե Ալիեւի պարագայում, քանի որ այդօրինակ գագաթաժողովները միշտ էլ հարմար առիթ են երկկողմ, եռակողմ հանդիպումներ անցկացնելու համար, ինչի ուղղությամբ թերեւս աշխատանքներ տարվել են:
Ամեն դեպքում, այս պարագայում դժվար է որոշակի ճշտությամբ ներկայացնել որեւէ իրավիճակ, երբ Ռուսաստանն ամեն ջանք գործադրում է նախ պահպանելու իր ներկայությունն, ըստ այդմ նաեւ զգալի ազդեցությունը Ադրբեջանում ի դեմս Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի, որի վարձակալության երկարացման ժամկետներն ու վարձավճարը դարձել են ռուս-ադրբեջանական ակտիվ շփումների վերջին կարեւոր թեման:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: