Monday, August 8, 2011

Ստիպողաբար կրոնափոխ եղած հայությունը ներքուստ պահպանում է հայի ինքնությունը. Հայկազուն Ալվըրցյան

Tert.am. 8-8-2011- Հուլիսի 27-31-ը Արևմտահայաստանի Դերսիմ նահանգի տարբեր քաղաքներում տեղի է ունեցել «Մնձուրի՝ բնության և պաշտամունքի» փառատոնը, որի շրջանակում համերգաշարով Դերսիմում շրջել է «Մարաթուկ» համույթը, բանահավաքչական-նկարահանման աշխատանքներ են կատարել 10-ից ավելի մտավորականներ։ Այսօրվա ասուլիսին այս մասին հայտնեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվըրցյանը։
Ըստ Ալվըրցյանի՝ փառատոնն արդեն 13-րդ տարին է, որ հյուրընկալվում է Դերսիմում, որից առաջին երկուսը՝ ոչ պաշտոնական, վերջին 11-ը՝ պաշտոնական հրավերով։ «Սա մի բացառիկ միջոցառում է, որ մեր մշակույթը տանում-հասցնում է մեր հայության ամենահեռավոր անկյուններից մեկը՝ Արևմտահայաստանի խորքերը։ Սա արտառոց մի փաստ է»,- ասաց նա։
Ալվըրցյանը հաղորդեց, որ հայության մի ահռելի զանգված՝ ստիպողաբար կրոնափոխ եղած, քուրդի և ալևիների պիտակով ապրում է այստեղ, սակայն ներքուստ պահպանում է հայի իր ինքնությունը։ «Այս փառատոնը ևս մի անգամ մեզ համոզեց, որ այնտեղ մեծ քանակով հայեր կան։ Նրանցից շատերը մոտեցան մեզ, պատմեցին իրենց պատմությունները՝ զարհուրելի, ողբերգական, հուզիչ պատմություններ»,- նշեց Ալվրցյանը։
Ըստ նրա՝ այս փառատոնը ոչ միայն իրենց՝ Արևմտահայաստանի ծպտյալ հայերի համար է կարևոր, այլև՝ Հայաստանի հայերի, «քանի որ մենք էլ պիտի հասկանանք, թե ինչ ունենք և իրենք ինչ ունեն, ինչ պիտի տանք իրենց, և իրենց պահպանած մշակութային բեկորներից ինչը վերցնենք»։

No comments: