Monday, August 8, 2011

Նոր մանրամասներ Թուրքիայում հայ զինվորի սպանությունից

Tert.am. 8-8-2011- Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի գործի վերաբերյալ:
Պարբերականը գրում է, որ օրեր առաջ Դիարբեքիրի ռազմական դատարանում Սևակի սպանության գործի առաջին դատական նիստի ժամանակ որպես վկա հանդես եկող Սևակի ծառայակիցներից մեկն ասել է, որ ավելի վաղ Քըվանչ Աղաօղլուն սպառնացել էր սպանել հայազգի զինվորին:
«Դեպքից հետո ականատեսներից մեկն ինձ ասաց, որ մեղադրյալ Քըվանչը մի օր Սևակին ասել է. «Քեզ սպանելու եմ, թմբլիկս»»,- դատարանում ասել է վկան, որի անունը չի նշվում:
Բացի այդ, դատական նիստին Սևակ Շահին Բալըքչըի ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթն ասել է, որ Սևակի գործով անցնող վկաները փոխել են նախկինում տված իրենց ցուցմունքները:
«Վկաները դատախազությունում բոլորովին այլ բաներ էին ասել: Իսկ դատարանում նրանք փոխել են իրենց ցուցմունքները: Այս ամենը վկայում է այն մասին, որ Սևակի գործով անցնող վկաների գործողություններն ուղղորդվում են ոմանց կողմից»,- ասել է Հալավուրթը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական դատարանն ազատ է արձակել Սևակ Շահին Բալըքչըին սպանած նույն զորամասի զինծառայող Քըվանչ Աղաօղլուին: Սևակի սպանության գործի առաջին դատական նիստը, որը տեղի էր ունեցել Դիարբեքիրի ռազմական դատարանում, տևել է 13 ժամ: Դատավորը վերացրել է Քըվանչ Աղաօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանված կալանքը:
Սևակ Շահին Բալըքչըն, որի զորացրմանը մնացել էր 23 օր, զոհվել է ընթացիկ տարվա ապրիլի 24-ին Բաթմանի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է իր ծառայակցի` Քըվանչ Աղաօղլուի կողմից ինգնաձիգից պատահաբար արձակված գնդակից ստացած ծանր մարմնական վնասվածքի հետևանքով: Մեղադրող կողմը պահանջում է Քըվանչ Աղաօղլուին «անզգույշ սպանության» համար դատապարտել 9 տարվա ազատազրկման: Իսկ Սևակի ընտանիքը պահանջում է Աղաօղլուին դատել «կանխամտածված սպանության» համար:

No comments: