Wednesday, August 31, 2011

.Իրանն աջակցում է Հայաստանին. Վիքիլիքս

«Վիքիլիքսի» գաղտնազերծված նյութերից մեկում հաղորդվում է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատնից պետքարտուղարություն ուղարկված մի փաստաթղթի մասին, որում հիմնականում խոսվում է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի դերի և Արցախյան հակամարտության մասին:
Փաստաթուղթը թվագրվում է 2008 թվականի նոյեմբերի 11-ին, երբ Իրանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մանուչեր Մոթաքին:
«Իրանը 1990-ականներից փորձում է տնտեսապես և քաղաքականապես ներխուժել Ադրբեջան: Իրանական քարոզչական հեռուստահաղորդումները հեռարձակվում են Արբեջանի հարավում, որը սահմանակից է Իրանին: Իրանը փորձում է պանիրանական մահմեդական շարժումը տարածել հարևան երկրում: Պետք է հաշվի առնել, որ Իրանում ավելի շատ էթնիկ ադրբեջանցի է ապրում, քան Ադրբեջանում: Ադրբեջանն իր հերթին լավ հարաբերություններ է պահպանում Թուրքիայի հետ, փորձում Իրանում խրախուսել պանթյուրքիստական գաղափարների տարածումը…»
Հայաստանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ ի տարբերություն Հայաստանում ուսանող իրանցիների, Բաքու մեկնողները չեն ստանում պետության ֆինանսական և հոգեբանական աջակցությունը, իսկ հայրենիք վերադառնալուց հետո հայտնվում են պետության ուշադրության կենտրոնում` բացասական տեսանկյունից: Այս ամենը, սակայն, չի խանգարում, որպեսզի Բաքվում կրթություն ստանան շուրջ 2000 իրանցի ուսանողներ, որոնց ձգում է Ադրբեջանի մայրաքաղաքում համեմատաբար ազատ կենսակերպը:
Միևնույն ժամանակ Իրանն Ադրբեջանում կազմակերպում է պարսկերենի անվճար դասեր, հիմնում պարսկական դպրոցներ, որտեղ հիմնականում սովորում են ադրբեջանցի երեխաները:
Շուրջ 3 տարվա վաղեմություն ունեցող փաստաթղթում հատուկ ուշադրություն է կենտրոնացված նաև Արցախյան հակամարտության վրա: Փաստաթղթի այս հատվածում նշվում է, որ Իրանի քայլերը ցույց են տալիս, որ նա ցանկանում է առավել ագրեսիվ կերպով միջամտել Արցախյան հակամարտության բանակցություններին և այդ խնդրում կարևոր խաղացող դառնալ: Իրանը ցանկանում է հակադրվել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ու դառնալ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Թեհրան կատարելիք հնարավոր այցին` ընդգծելով, որ ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների պատճառներից մեկն էլ Թեհրանի «դե ֆակտո» աջակցությունն է Հայաստանին:

No comments: