Saturday, August 27, 2011

Ադրբեջանի քարոզչությունն անբարոյական կնոջ քաղաքականություն է. հանդիպում է շատերի հետ, բայց չի ամուսնանում

Tert.am. 27-8-2011- Տեղեկատվական պատերազմ, որպես այդպիսին, Ադրբեջանի և Հայաստանի միջև չկա։ Այսօր սա փաստեցին քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Նարեկ Գալստյանը համատեղ ասուլիսում։
Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ այն տեղեկատվական նյութերը, որ Ադրբեջանի համակրի դիրքերից հրատարակում են միջազգային հեղինակություն ունեցող գործիչները «փողով գնված» կարծիքներ են, որոնց կյանքը, ըստ քաղաքագետի, երկար լինել չի կարող։ «Փողով սեր չես գնի»,- ասաց նա։ Հայկական կողմը, ըստ քաղաքագետի, դեռ միայն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը, թեպետ այսօր հայկական կողմը հնարավորություն ունի իրականացնել քարոզչություն՝ ազդելով նաև ադրբեջանցիների հանրային կարծիքի վրա, սակայն դեռ ճիշտ չի համարում դրանից օգտվելը։
Ադրբեջանի քարոզչական պարտություններից նա նշեց ժողովրդի և միջազգային հանրության հիասթափությունը պաշտոնական Ադրբեջանից, Կասպից ծովի հետ կապված նոր խնդիրների առկայությունը և այլն։ Մեդևեդևի հետ վերջին հանդիպումից հետո, ըստ նրա, շրջանառվում է կարծիքը, որ Ալիևը չի մասնակցելու ԱՊՀ 20-ամյակի միջոցառումներին։
«Ադրբեջանի քարոզչությունը անբարոյական կնոջ քաղաքականություն է,- ասաց Մելիք-Շահնազարյանը,-երբ գլուխ են գովում, թե ունի տարբեր կապեր՝ սրա, սրա, սրա հետ։ Հանիդիպում են, հանդիպում են շատերի հետ, բայց ոչ մեկի հետ չեն ամուսնանում»։
Ըստ Գալստյանի՝ բոլորս շատ լավ գիտենք, թե Ադրբեջանն ինչքան հմուտ է պատմական կեղծարարության առումով։ «Եվ հիմա նա արդեն խնդիրներ ունի իր մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ։ Վերջերս կարծեմ, Թիֆլիսի տարածքն էր փորձել ներկայացնել ադրբեջանական»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի հիմնական քարոզչական աշխատանքները իրականացվում են սեփական լսարանի համար։ Եվ նրանց կատարած քայլերը լուրջ, ծանրակշիռ չեն։

No comments: