Wednesday, August 3, 2011

Կրոնական կազմակերպությունները Հայաստանում ակտիվացել են

Tert.am. 3-8-2011- «Մեր դիտարկումները թույլ են տալիս ասել, որ աղանդավորական կազմակերպությունները Հայաստանում ոչ թե ավելացել են, այլ ակտիվացել»,–լրագրողների հետ այսօր կայացած ասուլիսում նշեց կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը։
Կրոնական տարաբնույթ կազմակերպությունների աշխուժացումը նա պայմանավորեց անկախացումից հետո Հայաստանում տեղի ունեցած մի շարք գործընթացներով, որոնք վերաբերում են ազատականացմանն ու ժողովրդավարական արժեքների զարգացմանը։ Բացի այդ, ըստ Վարդան Ասցատրյանի, միջազգային պարտավորությունների շրջանակում Հայաստանը շուրջ 20 տարի առաջ ընդունեց «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքը։ «Օրենքով չկա աղանդ տերմինը, այդպիսի բնութագրում տալիս է հասարակությունը։ Հին ժամանակներում այդպիսի շարժումների ներկայացուցիչները կոչվել են հերձվածներ, հերետիկոսներ և այլն»,– նկատեց կրոնական հարցերով կառավարության լիազոր մարմնի ներկայացուցիչը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում աղանդավորական կազմակերպությունների ավելացման վտանգ չկա, չնայած պետականորեն գրանցված են 200 այդպիսի կառույցներ։ «Պետականորեն հակաաղանդավորական ռազմավարություն, պայքար չկա, ինչպես, օրինակ, պայքար կաշառակերության դեմ։ Մենք պայքարում ենք հակաօրինական գործողությունների դեմ»,– շեշտեց Վարդան Ասցատրյանը։ Նշյալ գործողությունների թվում բանախոսը մատնանշեց կրոնական կազմակերպությունների կողմից դրսևորվող տարաբնույթ ոտնձգությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, սպառնում պետության անվտանգությանը և այլն։ «Այդ պայքարի օրինակացման համար այժմ ՀՀ Արդարադատության նախարարությունում համապատասխան օրինագիծ են մշակում, չնայած, չգիտես ինչու, մեր կարծիքը, փորձը հաշվի չեն առնում»,– դժգոհեց Վարդան Ասցատրյանը։
Հատկանշական է, որ 2004 թվականից գործող կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության կողմից մշակած նմանատիպ օրինագիծը մերժվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից։

No comments: