Wednesday, August 3, 2011

Կազանի գագաթնաժողովից հետո ադրբեջանական կողմը խոր հիասթափություն է ապրել. Միջազգային ճգնաժամային խումբ

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ, ICG) հրապարակել է համայն աշխարհում ընթացիկ և պոտենցիալ հակամարտությունների վերաբերյալ իր հերթական՝ հուլիս ամսվա զեկույցը՝ արձանագրելով, որ աշխարհում հակամարտությունների մոտավորապես յոթ տասնյակ օջախ կա:
Զեկույցը ոչ մի տեղ իրավիճակի բարելավում չի արձանագրում՝ այդ սյունակը դատարկ է:
«Վատթարացած իրավիճակներ» խմբում դասված է ութ երկիր, մյուս բոլոր հակամարտությունների շրջանները, այդ թվում՝ Հայաստանը, Ղարաբաղը, Ադրբեջանը, դասված են «Չփոփոխված իրավիճակներ» խմբում:
Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի մասով նշված է, որ երեք կուսակցություններից բաղկացած իշխող կոալիցիայի և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջև քաղաքական բարեփոխումների շուրջ քննարկումների շարք է սկսվել:
Նշված է նաև, որ հուլիսի 25-ին պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստան-ԱՄՆ համատեղ զորավարժություն անցկացնելու համաձայնության մասին: Նման համատեղ զորավարժություն անցկացվելու է առաջին անգամ:
Ղարաբաղի մասով նշված է, որ Կազանի գագաթնաժողովից նշանակալից առաջընթաց էր ակնկալվում, և դրա ձախողումից հետո խորացել է հիասթափությունն ու հոռետեսությունը հատկապես ադրբեջանական կողմում:
Ադրբեջանի մասին նշված է, որ հուլիսի 4-ին զինված բախում է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանապահների միջև: Ենթադրվում է, որ ադրբեջանցիները պատահաբար անցել են Իրանի տարածք, որի պատճառով բախում է տեղի ունեցել, սպանվել է ադրբեջանցի մեկ սահմանապահ:
Ադրբեջանի ներքաղաքական խնդիրներից նշված է, որ հուլիսին սկսվել են Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավարի, այլ անդամների, ինչպես նաև ընդդիմադիր այլ կուսակցությունների ակտիվիստների դատավարություններ:

No comments: