Saturday, August 13, 2011

«Արաննյուզ.իռ». Իրանի ԶՈւ ԳՇ պետի` Իլհամ Ալիևին ուղղված հայտարարությունը փաստարկված է եղել

Panorama.am. 12-8-2011- «Արդյո՞ք Իրանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հայտարարությունը զուրկ է իրավական-պատմական փաստարկներից»:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Կայքի հոդվածագիրը, մեկնաբանելով Բաքվում ԻԻՀ դեսպանության տարածած հաղորդագրությունը, որտեղ նշվում է, թե Իրանի ԶՈւ ԳՇ պետը Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի եկել և լուրը թողարկվել է ԶԼՄ-ների թյուրիմացության հետևանքով, ներկայացնում է մի շարք փաստարկներ, որտեղ, մասնավորապես, նշվում է.
«Մի՞թե ԻԻՀ ԳՇ պետի հայտարարությունը զուրկ է պատմական-իրավական փաստարկներից: Շտաբի պետի հայտարարության մեջ ընդամենը նշվել է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքի պատմական անունը:

Գեներալ Ֆիրուզաբադին նշել է, որ Արանի ժողովրդի երակներում իրանական արյուն է հոսում: Մի՞թե ադրբեջանցի պաշտոնյաները իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս չեն համարում իրենց եղբայրները:
Ավելին, Իրանի ԶՈւ ԳՇ պետն իր հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանի նախագահը պետք է ուշադրություն դարձնի, որ ժողովրդական զարթոնքը ճնշելն անընդունելի է»:
«Ադրբեջանում Իրանի դեսպանությունը, ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հղած բողոքի նոտայի, դիվանագիտական արարողակարգից ելնելով, պետք է նշեր, թե դա Իրանի ԶՈւ ԳՇ պետի անձնական կարծիքն է, այլ ոչ թե հերքեր վերջինիս հայտարարությունը»,- եզրափակում է իրանական կայքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության վերաբերյալ նշված էր ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ուշադրություն դարձնի, որ չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը:
Ես մի անգամ ևս նախազգուշացրել եմ, որ Արանի ժողովրդի երակներում իրանցու արյուն է հոսում և նրանց սիրտը բաբախում է առ իսլամ, Ղուրան և Ալի ունեցած սերը:
Հույս ունեմ, որ պարոն Ալիևը ուշադրություն կդարձնի այս հանգամանքին, եթե ոչ, վերջը սև է լինելու, ժողովրդական զարթոնքը ճնշման ենթակա չէ»:
Նկատենք, որ իրանցի պատմաբանները և վերլուծաբանները իրենց հոդվածներում ներկայիս Ադրբեջանի Հանրապետության մասին խոսելիս հաճախ այն անվանում են Արան և, անդրադառնալով Ադրբեջան պետության ստեղծման թեմային, նշում են. «Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել: Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի համաձայն` Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ:
1911թ. Բաքվում հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն, պանթուրքիստական գաղափարներից ելնելով, հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918թ.-ին առաջին անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը:

No comments: