Saturday, August 13, 2011

Նոր խոսք` սայիադնովագիտության մեջ

Հայ իրականության մեջ մեծ նյութ կա կուտակված սայաթնովագիտության մասին, որն էլ հնարավորություն է տալիս մասնագետներին`այդ նյութերի հիման վրա առավել ամբողջական գիտական խոսք ասել երգչի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ։ Երևանի պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնի երաշխավորությամբ լույս է տեսել անվանի սայաթնովագետ Ասլան Ասլանյանի ՙՍայիադ-Նովա՚ մեծածավալ ուսումնասիրությունը:
Գրքի խմբագիր, մշակութաբան Ռոմանոս Սահակյանը գրում է, որ Ա.Ասլանյանը դեռ 14 տարեկանից է սկսել հետաքրքրվել Սայիադ-Նովայի կյանքով, քնարերգությամբ: Նա մեջբերել է բանասիրական գիտությունների դոկտոր Վիգեն Ավագյանի, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի, գրող-արվեստաբան, պրոֆեսոր Արամ Գրիգորյանի, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մարգարիտա Բրուտյանի, հայտնի այլ անհատների բնութագրական խոսքերը, ովքեր բարձր են գնահատել Ա.Ասլանյանի տաղանդը, փաստերի նկատմամբ ունեցած բծախնդրությունը, գիտական միտքը, ինչու չէ, նաև համարձակությունը, քանի որ իր բերած փաստարկներով, տարիների վաստակ հանդիսացող այս գրքով Ա.Ասլանյանը հերքում է շատ հայտնի մտավորականների և նոր խոսք ասում սայաթնովագիտության ասպարեզում: Մասնավորապես ամերիկաբնակ պրոֆեսոր Գրիշա Դարբինյանը գրել է. ՙՀայկական հեռավոր լեռնաշխարհում ծնվել է մի իմաստուն, կլանվել մեր իմացած Սայաթ-Նովայով, ամբողջ գիտական կյանքը նվիրել է մեծ հայրենակցի կյանքին ու գործունեությանը վերաբերվող բազմաբովանդակ գաղտնիքներին, վերծանել շատ բան, ասել ճշմարտությունը, որ Սայաթ Նովան իրականում ծնվել է 1707-ին, մահացել բնական մահով 1802-ին, որ նրա ճակատագրական յարը եղել է ոչ թե թագավորի դուստր Աննան, այլ վրաց Թեյմուրազ թագավորի 2-րդ կինը` թագուհի Աննան…՚,-շարունակելով իր խոսքը` պրոֆեսորը համոզմունք է հայտնում, որ Ա.Ասլանյանին սպասվում են բազմաթիվ արժանի դափնեպսակներ, և որ նրան պետք է սատար կանգնի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, գիտական ու վարչական կազմակերպությունները, ողջ հայ ժողովուրդը: Շուրջ 937 էջանոց ստվարածավալ գրքում հեղինակը հանգամանորեն վերլուծել է Սայիադ-Նովայի հայերեն խաղերը` հարազատ մնալով բնագրին` Սայիադ-Նովայի գրած տառերին ու բառերին, ծածկագրերով գրած արտահայտություններին: Այդ խաղերի տողերը նա մեջբերել է Սայիադ Նովայի կազմած ՙՄատիան Դավթար՚-ից: Ուսումնասիրելով այդ խաղերը` Ասլան Ասլանյանը բացահայտում է, որ Սայիադ-Նովայի յուրաքանչյուր խաղ մի ուրույն ծածկագիր ունի. ՙոր եթե հետագայում իր ՙՄատիանը՚ ինչ-որ մեկի ձեռքով պատռվի կամ գուցե այն մաս-մաս արվի, և եթե այդ Մատիանից անգամ մի խաղ մնա, ապա այդ խաղն ուսումնասիրող և ՙաչկում բիբ ունեցող՚հետազոտողն անկասկած կհայտնաբերի, թե այդ խաղը որ թվականին է գրված, այդ ժամանակ քանի տարեկան է եղել հեղինակը և բնականաբար հայտնի կդառնա մեծ մտածողի ծննդյան ստույգ թվականը՚:
ՙՍայիադ-Նովա՚ գրքում առաջին անգամ ընթերցողի դատին է ներկայացվում մեծ բանաստեղծի ինքնագիր ՙՄատիանում՚ զետեղված բոլոր 43 հայերեն խաղերի բնագրերը, որոնցից 41-ը գրված են վրացատառ-հայաբառ` բացառությամբ 103-րդի, որը գրված է մեկընդմեջ հայերեն և վրացերեն: Եվս երկուսը գրված են հայատառ` սակայն կեսը հայաբառ, կեսը` թրքաբառ: Այնուհետև Ա.Ասլանյանը ներկայացրել և վերլուծել է Սայիադ-Նովայի որդու` Օհանի ձեռագիր Մատիանում զետեղված 8, Գ.Ախվերդյանի հայտնաբերած 8, Սկանդար-Նովայի 2, Ս.Խանզադյանի, Գ.Բաշինջաղյանի, Կ.Կեկելիձձեի հայտնաբերած և ժողովրդի կողմից ասված մեկական հայերեն խաղերը, որոնք 72-ն են: ՙԲլբուլի հիդ լաց իս էլի՚, ՙՊատկիրքդ ղալամով քաշած՚, ՙԴուն էն հուրին իս՚, ՙԹամամ աշխարհ պտուտ էկա՚ այս և հայտնի ու անհայտ շատ երգեր յուրովի են ներկայանում ընթերցողներին Ասլան Ասլանյանի ՙՍայիադ-Նովա՚ գրքում:
Գրքի նախաբանում իրավացիորեն նշվում է, որ ՙՍայիադ-Նովա՚-ն հայ ժողովրդի պատմության և սայիադնովագիտության մեջ միակն է, որ խոսում է բացահայտ բնագրով և նոր էջ բացում ոչ միայն հայ գրականության, սայիադնովագիտության մեջ, այլ նաև ողջ մարդկության պատմության, գիտության:
Գրքի արժանիքներից է նաև այն, որ Սայիադ-Նովայի խաղերի մեկնաբանություններին զուգահեռ Ասլան Ասլանյանը ներկայացրել է նաև մեծ բանաստեղծի ձեռագրերը: Գրքի վերջում ներկայացված է նաև Սայիադ-Նովայի կենսագրության կարևոր տեղեկություններն ու տարեթվերը:
Գիրքը կարդալով` ընթերցողը կարող է ամբողջական պատկերացում կազմել սայաթնովագիտության մասին, ծանոթանալ Ասլան Ասլանյանի կատարած խորը եւ հիմնավոր ուսումնասիրություններին ու բացահայտումներին
Թեպետ ուշացումով` գիրքը լույս է տեսել 2011թ. Սայիադ-Նովայի ծննդյան 300 /1707-2007թթ./, մահվան 205 /1802-2007թթ./, սայիադնովագիտության հիմնադրման 155 /1852-2007թթ./ ամյակների առթիվ: Գրքի հրատարակությունը եղինակը ձոնել է ծնողների` Նիկալ և Արաքսյա Ասլանյանների, որդու` Վարդանի, Եղբայրների` Դերենիկի, Վասակի, Վասակի որդու` Անդրանիկի անմար հիշատակներին:
Ասլան Ասլանյանը ծնվել է չնաշխարհիկ Տավուշի /Շամշադին/ մարզի Չինարի գյուղում, 1951թ. ինքնուս ստեղծագործող-երգահան, երգիչ Նիկալ Ասլանյանի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո գիտելիքները հարստացրել է տարիների տքնաջան աշխատանքով: ՙՍայիադ-Նովա՚ գիրքը Ասլան Ասլանյանի 4-րդ աշխատությունն է` ավելի քան 40 տարիների տքնաջան աշխատանքի վաստակը:
Գոհարինե Ջուլհակյան

No comments: