Friday, August 12, 2011

Ադրբեջանի եւ Իրանի միջեւ սկանդա՞լ է հասունանում

News.am. 11-8-2011- «Ադրբեջանն Իրանին բողոքի նոտա է ներկայացրել` Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադի` Ադրբեջանի ղեկավարության եւ ժողովրդի հասցեին հնչեցրած արտահայտության կապակցությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության հայտարարությունը:
Նոտան հանձնվել է Ադրբեջանում Իրանի դեսպանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին օգոստոսի 9-ին արված հայտարարության մեջ խստորեն քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»:
Ֆիրուզաբադին մասնավորապես նշել է, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ սպառնացել է, որ Իլհամ Ալիեւին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը:
Դրան հաջորդել էր Բաքվի պաշտոնական արձագանքը: «Ֆիրուզաբադը զինվորական է, եւ նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են: Լավ կլիներ, եթե զինվորականը հանդես գար զինվորական, իսկ քաղաքական գործիչը` քաղաքական հայտարություններով», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախարարության մամլո-քարտուղար Էլհան Պոլիխուվը:
Նրա խոսքով, Ադրբեջանում պահպանվում է արտասահմանյան երկրների ներքին խնդիրներին չմիջամտելու սկզբունքը: Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանում չեն ստեղծելու պայմաններ այլ պետությունների կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջոմտելու համար եւ այդպիսի հնարավորություն նրանց չի տրվելու:

No comments: