Friday, August 12, 2011

Մոսկվան և Վաշինգտոնը Բաքվին պարտվողական խաղաղություն են պարտադրում. Turan

Tert.am. 11-8-2011- Ադրբեջանը ձեռքից բաց է թողնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար շատ կարևոր առիթ։ Այս մասին ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում ասել է ամերիկացի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում։
Ընդգծելով, որ Ռուսաստանի և Արևմուտքի տեսակետները ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ համընկնում են, ինչը կարոր գործոն է խնդրի լուծման համար, ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է կազանյան հանդիպումից առաջ Վաշինգտոնի և Մոսկվայի՝ հակամարտության կողմերին արած կոչերի մասին։
«Դա, նախ և առաջ, կապված է վերաբեռնման քաղաքականության հետ։ Երկու վարչակազմերն էլ (ԱՄՆ–ի և Ռուսաստանի) ղարաբաղյան թեման հռչակել են այս ամռան առաջնահերթ նպատակ»,– ասել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ խնդրի կարգավորման գործընթացը գտնվում է վերջին փուլում։
«Երևանում և Բաքվում քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ մենք արդեն վերջին փուլում ենք և այդ ամենից ետ կանգնելու փորձերը կարող են բոլորին գցել անդունդը»,– ասել է Վաշինգտոնի ներկայացուցիչը։
Իր հերթին Turan–ը, վերլուծելով վերը նշվածը, նշում է, որ թեմայի առնչությամբ Վաշինգտոնի և Մոսկվայի գնահատականները համընկնում են, սակայն ոչ հօգուտ Ադրբեջանի։
«Այդ կոչերի էությունը զինադադարի պայմանների ընդունումն է, որոնք չեն երաշխավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նախ և առաջ, դա վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ հանրաքվե անցկացնելուն, որը հավասարազոր է նրա կորստի հետ»,– նշում է Turan–ը՝ ավելացնելով. «Այսպիսով, Մոսկվան և Վաշինգտոնը մեծացնում են ճնշումները Բաքվի վրա՝ նրան պարտվողական խաղաղություն պարտադրելու համար։ Սակայն մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն այդ ճնշումները կանտեսի, իսկ դա կնշանակի Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացում և Մոսկվայի ու Բաքվի միջև անվստահության աճ»։

No comments: