Saturday, August 27, 2011

Հայկական կույր ու խուլ «Ֆեմիդան»

«Լրագիր» 27-8-2011- Հայաստանի իրավապահ համակարգի ոչ միայն աչքերն են փակել, ինչպես Ֆեմիդայի, այլ նաև ականջները: Հակառակ դեպքում համակարգը խախտումների ու հանցագործությունների մասին տեղեկություններ կլսեր, որոնք լայնորեն նշվում են ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան մամուլում:
Վիկիլիքսում հրապարակված գաղտնի գրագրություններում նշվում է, որ Հայաստանում կոնյակի ամենամեծ գործարանի նախկին տնօրեն Էրվե Կարոֆը պնդում էր, որ Հայաստանում խաղողի բերքի մասին պաշտոնական տեղեկատվությունն ուռճացվում էր երկրում անօրինական կոնյակի արտադրությունը թաքցնելու համար: Հայաստանում 2005 թ պաշտոնական տվյալներով, խաղողի բերքը կազմել է 130 հազար տոննա, սակայն, Կարոֆի խոսքով, իրականում այդ թիվը չի գերազանցել 60 հազարը: Նրա խոսքով, 5-6 տարեկան կոնյակի գործարանները 20 տարվա հնության կոնյակ են վաճառում, մեքենայություններ են անում: Կարոֆը պատմել է, որ այդ հարցով նա դեիմել է նաև գյուղատնտեսության նախարարություն, սակայն զարմանքով իմացել էր, որ այդ բիզնեսը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտներ է բերում:
Յուրաքանչյուր նորմալ պետությունում նման փաստաթղթի հրապարակումը հետաքննության առարկա կդառնար: Եթե փաստերը հաստատվեն, մեքենայությամբ զբաղված մարդիկ պետք է դատարան կանչվեն, առավել ևս, որ ուռճացվել է ոչ միայն գնված խաղողի քանակը, այլև գները, որով իբր գնել են խաղողը:
Արդեն գրվել է, որ ֆերմերների հետ հրապարակայնորեն, տեսախցիկների առջև պայմանագրեր են կնքվել խաղողը մի գնով գնելու վերաբերյալ, ընդ որում, անսահամանափակ ծավալով, իսկ աշնանը շատերին մերժել են ընդունել խաղողը և գնել են ավելի ցածր գնով: Դա հանգեցրել է նրան, որ շատ ֆերմերներ ստիպված են եղել խաղողի պլանտացիաները կտրել և իրենց հողերն օլիգարխներին տալ, որոնք զբաղվում են ձկնաբուծությամբ կամ ավելի “շահութաբեր” բիզնեսով:
Սակայն Հայաստանի իրավապահ համակարգը փակել է ականջները, աչքերը և նույնիսկ «աքացի են տալիս» նրանց, ովքեր փորձում են հայտնել հանցագործության մասին:
Նաիրա Հայրումյան

No comments: