Saturday, August 27, 2011

WikiLeaks-ը հայկական օլիգարխիայի մասին

WikiLeaks կայքում հրապարակվել են Հայաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության գաղտնի նամակագրության որոշ փաստաթղթեր: Դրանց շարքում է մի նամակ, որտեղ ներկայացված են Հայաստանում օլիգարխների ունեցվածքի մասին տեղեկություններ: Նամակը թվագրված է 2003 թ. դեկտեմբերի 9-ով: Նշվում է, որ տեղեկությունների մի մասը հիմնված է ոչ պաշտոնական լուրերի վրա:
Մուլտի Գրուպ. Գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, ընտրվել է խորհրդարան 2003 թ.-ին: Նշվում է, որ նա նախկին մարզիկ է, ունի սերտ կապեր Քոչարյանների ընտանիքի հետ, հատկապես նախագահ Քոչարյանի եղբոր` Վալերիի: Նրան են պատկանում ձեռնարկություններ տարբեր ոլորտներում. Կոտայք գարեջրի գործարանը, «Մանանա գրեյն», «Ավիասերվիս», որն իրականացնում է ավիաոլորտի սպասարկում: Որոշ տեղեկություններով, այս ընկերության մեջ իր մասնաբաժինն ունի Վալերի Քոչարյանը: «Արարատ» գինեգործական ընկերությունը, «Մուլտի սթոուն», որը տրավերտին տեսակի քար է արտահանում Եվրոպա, «Կլեոպատրա» խաղատունը, Գյումրիի տեքստիլ գործարանը, ֆերմերային ընկերություններ, կահույքի սրահ, բնական գազի լիցքավորման կայաններ և այլն:

Սիլ Գրուպ. Պատկանում է Խաչատուր Սուքիասյանին, որը 1999 և 2003 թթ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Նա խնամիական կապերի ունի Վանո Սիրադեղյանի հետ, որը կոռումպացված և ազդեցիկ ՆԳ հայտնի նախարար էր և այս պահին գտնվում է փախուստի մեջ: Տեղեկություններ կան, որ Սիրադեղյանը Սիլ Գրուպի հիմնական սեփականատերերից է: Սուքիասյանը միակ գործարարն է, որ սերտ հարաբերություններ ունի ՀՀՇ-ի հետ և շարունակում է հաջողակ գործարար մնալ: Նրա ընկերությունն ամենահին ընկերություններից է և ներկայացված է բիզնեսի շատ ոլորտներում. «Պիցցա դի ռոմա», «Քուին բուրգեր», «Շալե» ռեստորան, «Սիլ» հյուրանոց, «Սիլ պլազա» առևտրի կենտրոն, «Ֆիլիպ Մորիս» ծխախոտների ներկրում, սեփականություն Երևանի կենտրոնում, «Հայէկոնոմբանկ», «Բջնի» հանքային ջրերի գործարան, «Զովք» գործարան և այլն:
MIKA LTD. Ղեկավարվում է Միքայել Բաղդասարովի կողմից, որն, ըստ տեղեկությունների, իր նախնական բիզնեսը սկսել է Ռուսաստանում: Նա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի համադասարանցին է, նրա մերձավորը և բիզնես գործընկերը: Նրա բիզնեսների շարքում են. «Հայխնայբանկ», «Արմավիա», Հրազդանի ցեմենտի գործարան, գազալցակայաններ, «Դիլիջան» հանքային ջրերի գործարան, այլ բիզնեսներ Ռուսաստանում և Եվրոպայում:

Grand Group. Պատկանում է Հրանտ Վարդանյանին, որի բիզնեսում ներկայացված է ռուսական կապիտալը: Նա վայելում է նախագահի հովանավորությունը: Նրա որդին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրված Դաշնակցության ցուցակով: Վարդանյանը հասարակական մեծ համբավ ունի որպես հաջողակ և ԽՍՀՄ նախկին մի շարք ձեռնարկությունները վերաբացած գործարար: Նրան են պատկանում. «Գրանդ Քենդի», «Գրանդ Տոբակո», որի գործընկերներից է Ռուբեն Հայրապետյանը, «Մասիս Տաբակ» ընկերությունը, «Գրանդ Սան» լամպերի գործարանը, ալկոհոլ արտադրող ընկերություն, մի քանի սրճարաններ և խանութներ:

Հայրապետյան ընտանիք. Հայրապետյան ընտանիքին է պատկանում «Հայրապետյան եղբայրներ» ընկերությունը: Այս ընտանիքը մտերիմ է նախագահական վարչակազմի, հատկապես խորհրդական Ալեքսան Հարությունյանի հետ: Եղբայրներից կրտսերը մահացել է այս տարի ավտովթարից: Նրանց են պատկանում. «Հայաստան» հանրախանութը, «Արարատ» հյուրանոցը, «BMW» խանութների սրահը, «Էրեբունի տեքստիլ»-ը, հյուրանոց Սևանում, այլ ընկերություններ:

Ռուբեն Հայրապետյան: Նա զբաղեցնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, Ավան համայնքի նախկին ղեկավարն է, իսկ այժմ ԱԺ պատգամավոր: Տեղեկություններ կան, որ նրան աջակցում են նախագահական աշխատակազմից: Նրա բիզնեսներն են. «Գրանդ Տոբակոյի» համասեփականատերն է, Արագածի տեքստիլ գործարանը, «Հարսնաքար» հյուրանոցը Սևանում, մի քանի գազալցակայաններ, այլ ընկերություններ:

Հարություն Փամբուկյան. ԱԺ պատգամավոր, նա 2003 թ. Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավի հիմնական ֆինանսավորողներից էր: Տեղեկություններ կան, որ նրա բիզնեսներում ներկայացված է ռուսական կապիտալը: Նրան են պատկանում. «Մաքս Գրուպը», Լուսակերտի թռչնաբուծարանը, Եղվարդի անասնակերի գործարանը, համասեփականատեր էլեկտրաբաշխիչ կայանների ցանցում` Midland Resources-ում:

Սամվել Ալեքսանյան: 2003 թ.-ից ԱԺ պատգամավոր է, կիսաքրեական օլիգարխ, ունի թիկնապահների բանակ: Ունի նախնական թերի կրթություն: Մոտ է նախագահական աշխատակազմին: Փորձում է ամեն ինչով նմանակել Դոդի Գագոյին. նրա տունը ճարտարապետական նույն կառուցվածքն ունի, վարում է նույն մակնիշի ավտոմեքենա: Նրան են պատկանում. «Լուսաստղ» ալկոհոլի արտադրության ընկերությունը, Մալաթիա համայնքի ոչ պաշտոնական ավատատերն է, ցորենի, շաքարավազի, կարագի հիմնական ներկրողն է: Փաստաթղթում ասվում է, որ մաքսային ծառայությունում ունեցած կապերի շնորհիվ նա շուկայում գրեթե մրցակից չունի: Նրան են պատկանում նաև «Նատալի ֆարմը» և մի շարք այլ ընկերություններ:

No comments: