Saturday, August 27, 2011

Ադրբեջանում հեղափոխության հնարավորությունը՝ ըստ քաղաքագետների

Tert.am. 27-8-2011- Արաբական հեղափոխական սցենարների իրականացումն Ադրբեջանում քիչ է հավանական` կարծում են քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Նարեկ Գալստյանը համատեղ ասուլիսում։
«Դեռևս արաբական հեղափոխությունների սկզբից խոսվում էր, որ նման սցենարներ կարող են կրկնվել նաև Ադրբեջանում»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ դրա գործնական հիմքերը, այնումենայնիվ, դեռ չկան։ Ըստ նրա՝ կա երեք հեղափոխական պոտենցիալ՝ քաղաքացիական՝ ընդդիմադիրների ուժերով, կրոնական՝ իսլամական ուժերի կողմից արտաքուստ թելադրված կրոնական հեղաշրջման փորձ, և ազգային փոքրամասնությունների՝ դեռևս չձևավորված, սակայն պայթյունավտանգ խնդիրը։
Ընդդիմադիրները, ըստ նրա, Արևմուտքի կողմից աջակցություն ստացած հայտարարություններ են անում, սակայն խոսում են միայն թույլատրված հարցերի շրջանակում։ Իսկ 3-4 ամիս առաջվա բողոքի ցույցերում առավելագույն մարդկանց քանակը 150 էր, և բոլորը «Մուսավաթ» կուսակցությունից։ Սա էլ արվում է միջազգային հանրությանը իրենց դեմոկրատիան ցուցադրելու նպատակով։
Թե քաղաքացիական, թե ազգային փոքրամասնությունների, թե կրոնական ուժերը, ըստ նրա, կարող են տարբեր կոմբինացիաներով աշխատել, սակայն պետական համակարգը դեռ բավական ամուր է, և կարողանում է հեշտությամբ կանխել արագ զարգացող ընդդիմադիր ուժերի գործունեությունը։
Մելիք-Շահնազարյանը հավելեց, որ դժվար է կանխորոշել՝ Հայաստանի շահերից բխո՞ւմ է քաղաքական փոփոխությունը, թե ոչ, քանի որ բոլորովին հայտնի չէ, թե հեղափոխության դեպքում ինչ ուժեր կգան և արդյոք նրանց քաղաքականությունը Հայաստանի համար շահեկան կլինի։

No comments: