Wednesday, August 31, 2011

Քոչարյանն ու Ղարաբաղի ՊՊԿ-ն

«Լրագիր» 31-8-2011-Ինչպե՞ս կարողացաք համակարգված աշխատանք տանել բանակի ստեղծման առումով: Արցախի հանրային հեռուստաընկերության երկու գեղեցկատես լրագրողուհիները ԼՂՀ անկախության քսանամյակի առիթով Ռոբերտ Քոչարյանի հետ արած հարցազրույցի ընթացքում նրան են ուղղել այդ հարցը: ՊՊԿ-ն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ստեղծվեց իշխանության կենտրոնացման համար, որովհետեւ դրա մեծ կարիքը կար` թե մարդկային, թե նյութական ռեսուրսները կենտրոնացնելու:
“Երիտասարդ եք, երեւի լավ չեք հիշում այդ պահը, բայց պետական պաշտպանության կոմիտեն, դա, այսպես ասենք Ղարաբաղի բարձրագույն իշխանությունն էր այն ժամանակահատվածի: Անունը իմ այսպես հորինած անունը չէ, դա Մեծ հայրենական պատերազմից դեռ ասում էին պետական պաշտպանության կոմիտե, այն ժամանակ կար, բայց լիազորությունների ամբողջ շրջանակը ես էի կազմել, եւ խորհրդարանի կողմից այդ լիազորությունը ստացել, որպես այդ կոմիտեի նախագահ: Եվ միայն դա հնարավորություն տվեց ստեղծելուց հետո մի քանի ամսվա ընթացքում էապես փոխել իրավիճակը: Առաջին հերթին դա իհարկե բանակի կայացման խնդիրն էր եւ տարբեր ջոկատների միավորումը մեկ բանակային կառույցի ներքո, դա իհարկե օրվա հրամայականն էր այն ժամանակ: Չանեինք այդ պահին, ամեն ինչ կկորցնեինք: Չափազանց դժվար էր: Մեծ կամք էր պահանջում: Այդ ուղղությամբ աշխատում էինք շատ հետեւողական, խիստ, բավականաչափ կտրուկ քայլեր արվում էր, բայց ուղղակի այլ տարբերակ իրավիճակը փրկելու մենք չունեինք”, ասում է Քոչարյանը:
Նա նշում է, թե մասնագետների խնդիրը այդ ժամանակ թիվ մեկ բարդությունը չէր: “Դա խնդիր էր, բայց հակառակորդի կողմում այդ խնդիրը շատ ավելի սուր էր, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Կրկնեմ, ամենից մեծ դժվարությունը պետական արդյունավետ կառույցների ստեղծումն էր”, ասում է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, թե հոգեբանական հարց կար, թե մարդկանց հավատ ներշնչելու հարց կար: “Գիտեք, փոքր Ղարաբաղ, կար ճիշտ է թիկունքում Հայաստանը, բայց այդուամենայնիվ փոքր Ղարաբաղ, դիմացը Ադրբեջանն էր, զենքի, զինամթերքի պակաս, շրջափակում”:

No comments: