Thursday, August 11, 2011

Լուրջ մեղադրանք իշխանությանը

«Լրագիր» 11-8-2011- 85 էջանոց Փաստաթղթում Հայ Ազգային կոնգրեսը, որպես արտահերթ ընտրության հիմնավորում, ապացույցներ է ներկայացնում ոչ միայն ընտրության իրավական ոչ լեգիտիմության, այլեւ իշխանության քաղաքական սնանկության վերաբերյալ: Ընդ որում, իշխանության սնանկությունը նույնպես անվանվում է ոչ լեգիտիմություն, եւ այդ կրկնակի ոչ լեգիտիմությունը հաղթահարելու համար Կոնգրեսն առաջարկում է արտահերթ ընտրություններ:
Սակայն, ակնհայտ է, որ բերված փաստարկների ճշմարտացիությամբ հանդերձ, երկու ոչ լեգիտիմությունները պահանջում են տարբեր լուծումներ: Իշխանության քաղաքական սնանկությունը, մասնավորապես ինչպես նշված է փաստաթղթում` տնտեսության գիտակցված մոնոպոլացումը, խորհրդարանում գործարար-պատգամավորների առկայությունը, կոռուպցիան, պետական միջոցների յուրացումը, իշխանության ու բիզնեսի սերտաճումը, դրամի արհեստական արժեւորումը, միջազգային ներդրումային ու դրամաշնորհային նախագծերի տապալումը, արտագաղթի խթանումը,- այս ամենը իսկապես պահանջում են պատգամավորների հետկանչ, բողոքի ելույթներ ու պահանջներ արտահերթ ընտրության համար: Ընտրողները տեսականորեն, համոզվելով կառավարության քաղաքական սնանկության եւ հակազգային սոցիալ տնտեսական քաղաքականության մեջ, պետք է պահանջեն հրաժարական եւ արտահերթ ընտրություններ:
Սակայն, իշխանության ուզուրպացիան եւ ընտրությունների ոչ լեգիտիմությունը պահանջում են ոչ թե արտահերթ ընտրություն, այլ իրավական լուծումներ: Անշուշտ, Հայաստանի պայմաններում, որտեղ դատական համակարգը իշխանության կցորդն է, դժվար է նույնիսկ ենթադրել, որ դատավորը կարող է իշխանությունը ուզուրպացնելու վերաբերյալ հայց ընդունել քննարկման, առավել եւս` իշխանությանը ընտրությունը կեղծելու, բանակը խաղաղ ցույցերը ցրելու մեջ ներգրավելու եւ 10 մարդու սպանության մեջ մեղադրող վճիռ կայացնել: Սակայն հայցերի բացակայությունը նշանակում է, որ ընդդիմությունը նույնպես դա համարում է ոչ թե իրավական, այլ քաղաքական ակտ:
Դա նշանակում է, որ Կոնգրեսը տեսականորեն պատրաստ է ներել իշխանության հակասահմանադրական գործողությունները, եւ նույնիսկ շնորհավորել նրան, եթե նորից ընտրվի: Դա էլ նշանակում է, որ Կոնգրեսը, կրկին տեսականորեն, կարող է լեգիտիմացնել այն, ինչը ներկայում համարում է ոչ լեգիտիմ, այսինքն` հակաօրինական:
Կոնգրեսն, իհարկե, կարող է հայտարարել, որ երկխոսության արդյունքում հասնելով արտահերթ ընտրության, կանի ամեն ինչ, որ դատարանը լինի անկախ, եւ այդժամ պատասխանատվության կկանչի բոլոր մեղավորներին: նույնպես տարբերակ է, սակայն դա չի բացառում ներկայիս իշխանության ամբողջական վերարտադրմանը, արդեն Կոնգրեսի մասնակցությամբ, որն արդեն այդ ժամանակ ի վիճակի չի լինի առաջադրել իրավական պահանջներ:
Քաղաքական սնանկության եւ ժողովրդի դեմ հանցագործությունների միջեւ սահմանը մի տեսակ աննկատ ջնջվել է: Մի տեսակ հետին պլան մղվեցին նաեւ համաժողովրդական շարժման մոտիվները` պայքար իշխանության ուզուրպացիայի ու բռնության դեմ: Առաջին պլան մղվեցին նոր առաջնահերթություններ` արտահերթ ընտրություններ, որոնք ենթադրում են իրավական պատասխանատվության չեզոքացումը: Արդյոք հրաժարականից հետո կառավարությունը պատասխան է տալու, օրինակ, դրամի արհեստական արժեւորման համար, որի արդյունքում թալանվել է Հայաստանի բնակչությունը: Արդյոք վերսկսելու է 2008 թ. ընտրությունը կեղծելու, բանակը ներգրավելու, խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հարցով դատաքննությունը:
Կոնգրեսի 85 էջանոց փաստաթուղթն, ըստ էության, դատական հայց է, ոչ թե քաղաքական հայտարարություն: Կոնգրեսը պետք է ի վիճակի լինի բոլոր առաջ քաշած մեղադրանքները դատարանում: Իր հերթին, այն, որ խորհրդարանը եւ պետական այլ մարմիններ չեն արձագանքել լրջագույն մեղադրանքներին, խոսում է այն մասին, որ նրանք ոչինչ չունեն հակադարձելու:
Մի բան ակնհայտ է` քանի դեռ իրավական հարցերը չլուծվեն իրավական ճանապարհով, իսկ քաղաքականը` քաղաքական, կարգուկանոն չի հաստատվի: Ընդհակառակը, նրանք, ու կհաջողվի խուսափել ներկայացված մեղքերի համար պատասխանատվությունից, կշարունակեն իրենց գործն ավելի մեծ թափով: Հասկանալի է, որ Կոնգրեսը չի ցանկանում ցնցումներ, նա ցանկանում է իր նպատակին հասնել “խաղաղ ճանապարհով”: Սակայն եթե ինչ որ մեկին անվանում ես հանցագործ, ապացուցում նրա մեղքը, չի կարելի հետո “ներել” նրան, այն էլ ժողովրդի անունից:

Նաիրա Հայրումյան

No comments: