Wednesday, August 31, 2011

Սև հագուստներով ակցիա. բողոք ընդդեմ բանակում մահվան դեպքերի

Panorama.am. 31-8-2011- Բանակում վերջին օրերին տեղի ունեցած զինվորների մահերի կապակցությամբ վիրտուալ բողոքի ալիք է սկսվել: «Facebook» սոցիալական ցանցում «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնությունը կոչ է անում սատարել մահացած զինվորների մայրերին և պատրաստվում է կազմակերպել բողոքի ակցիա: «Կոչ ենք անում սատարել սպանվածների մայրերին և սեպտեմբերի 1-ին, հինգշաբթի, ժամը 11-ին սև հագուստներով գալ Կառավարության շենքի մոտ մեր ձայները հնչեցնելու: Մենք, բանակում տիրող բարոյալքությամբ և մեր զինվորների կյանքի և առողջության համար մտահոգ քաղաքացիներս, խստորեն դատապարտում ենք բանակում տիրող հանցավոր իրավիճակը»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Նախաձեռնության կազմակերպիչների տվյալներով, այս տարվա ընթացքում արդեն 19 մահվան դեպք է արձանագրվել:
Բանակում մահվան ամենավերջին դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 26-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Աղասի Գեղամի Աբրահամյանը (ծնված` 1992թ.) օգոստոսի 26-ին, անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ է տեղափոխվել, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Հայտնի «եղնիկներում» Աբրահամյանի մահվան հարցում, ինչպես նախօրեին հայտարարել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հնարավոր մեղավորների շրջանակը բացահայտված է: Նախարարը տեղեկացրել էր, որ կատարվածի կապակցությամբ հարուցված է քրեական գործ, և դատաբժշկական փորձաքննության հետևանքով պարզվել է, որ 18-ամյա Աղասի Աբրահամյանի նկատմամբ արտաքին ներգործություն է եղել:
«Կարվի ամեն ինչ, որպեսզի մեղավորները բացահայտվեն ու պատժվեն», -վստահեցրել էր պաշտպանական գերատեսչության ղեկավարը` ընդգծելով, որ քրեական գործի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվում:
8 ամիս առաջ բանակ զորակոչված և այժմ մահացած զինվորի ընտանիքը, ինչպես հրապարակված էր մամուլում, պնդել է, որ իրենց տղան դաժանաբար ծեծվել է, ինչի հետևանքով էլ մահացել է:

No comments: