Wednesday, August 31, 2011

Ադրբեջանը, չնայած իր ռեսուրսներին, կենսամակարդակով Հայաստանից ցածր է. Շիշկին

Tert.am. 31-8-2011- Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, առայժմ կայացած չէ։ Այս մասին Голос России ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Իգոր Շիշկինը։
Հարցազրույցի ընթացքում ռուս փորձագետը, խոսելով Բաքվի՝ վերջին 20 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների, կուրուստների, որդեգրած քաղաքական ուղեգծի մասին, ընդհանուր առմամբ բացասաբար է գնահատել Ադրբեջանում ներկայիս իրավիճակն ու նրա վարած արտաքին քաղաքականությունը։
«Ադրբեջանի անկախության 20-րդ տարեդարձի առնչությամբ շատ տոնական խոսքեր են հնչում այն մասին, թե բոլորի համար լավ է և թե ինչպիսի հրաշալի բաների են հասել։ Սակայն եկեք նայենք ճշմարտության աչքերին և կհասկանանք, որ այդ 20 տարիներն Ադրբեջանի պատմության մեջ դժվար ժամանակաշրջան են եղել»,– ասել է Շիշկինը՝ ավելացնելով. «Ադրբեջանի բնակչությունը մոտ 9 միլիոն է։ Մոտ 2-3 մլն մարդ լքել է իր երկիրը և գաստարբայտերի կարգավիճակով գտնվում է ՌԴ–ում։ Իսկ թե ինչպիսի պայմաններում են նրանք գտնվում, մենք շատ լավ գիտենք։ Բավական է միայն դուրս գալ փողոց, մոտենալ ցանկացած շինհրապարակին, և կտեսնեք, թե նրանք ինչպիսի ծանր պայմաններում են աշխատում, որպեսզի իրենց ընտանիքներին կարողանան գումար ուղարկել»։
Շիշկինը նշել է, որ չնայած Ադրբեջանի ՀՆԱ–ի բարձր ցուցանիշին, այդ երկրում կենսամակարդակն ավելի ցածր է, քան Հայաստանում։
«Վերջին տասնամյակում Ադրբեջանն իրոք ՀՆԱ–ի բարձ ցուցանիշ է ապահովում։ Դա կապված է էներգակիրների գնի աճի հետ։ Սակայն կենսամակարդակն Ադրբեջանում ավելի ցածր է, քան Հայաստանում, որը նման ռեսուրսներ չունի։ Այդ պատճառով պետք է խոստովանել, որ անկախության 20-ամյակն ուրախ տարեդարձ չէ»,– ասել է փորձագետը։
Պատասխանելով այն հարցին, թե «Ինչպե՞ս են զարգանում հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչպիսի՞ ուղղություններ և հեռանկարներ կարելի է առանձնացնել երկկողմ հարաբերություններում», Շիշկինն ասել է. «Երկկողմ հարաբերություններում կան շատ խնդիրներ և դրանցից մեկը բոլորին հայտնի է՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ նա չի մասնակցելու ԱՊՀ երկրների գագաթնաժողովին։ Այդ հրապարակային հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շատ դժգոհ է Ռուսաստանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ունեցած դիրքորոշումից։ Սակայն պետք է խոստովանել, որ Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է հետևյալում. «Դուք մեզ սկուտեղի վրա մատուցեք Լեռնային Ղարաբաղը, իսկ դրանից հետո հնարավոր է դառնանք ձեր լավ բարեկամը»»։
Ընդգծելով, որ վերջին տասնամյակներում Բաքվի վարած քաղաքականությունը բազմավեկտորության վատագույն տարբերակն է, Շիշկինն ասել է, որ Ադրբեջանը փորձում է իր խնդիրները լուծել տարբեր արտաքին ուժերի միջոցով։
«Արևմուտք, ՎՈւԱՄ, միևնույն ժամանակ ԱՊՀ… Իսկ սա հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը՝ որպես անկախ պետությունը, առայժմ կայացած չէ։ Այդ պետությունը շատ բաներում կարողանում է շարունակել իր գոյությունը միայն Ռուսաստանի, Թուրքիայի կամ էլ Արևմուտքի կողմից տրվող արտաքին աջակցության շնորհիվ»,– նշել է փորձագետը։

No comments: