Wednesday, August 17, 2011

Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերու մահվան փաստով Բաքվում հարուցված քրեական գործի նյութերը

«Ազատություն» 16.08.2011 - Ադրբեջանը Հայաստանին չի տրամադրում ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան փաստով Բաքվում հարուցված քրեական գործի նյութերը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ գլխավոր դատախազության գրավոր հարցմանը Ադրբեջանի դատախազությունը չի արձագանքել: Բաքուն առայժմ չի արձագանքել նաեւ ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի միջնորդությանը:
Անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից գերեվարված 20-նամյա Մանվել Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում մահացավ հոկտեմբերի սկզբին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը պաշտոնական հաղորդագրություններում կատարվածն անմիջապես որակեցին ինքնասպանություն` հիմնավորելով, որ Սարիբեկյանի մարմնի վրա բռնության հետքեր չկան: Սակայն հայկական կողմը կասկածի տակ առավ այս պնդումները. երիտասարդի մարմնի վրա խոշտանգումների հետքեր հայտնաբերելուց հետո Հայաստանի ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով:
Ադրբեջանական քննչական մարմինների նյութերը ստանալու ակնկալիքով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դեռեւս անցած տարվա դեկտեմբերին դիմել էր ադրբեջանցի իր գործընկեր Զակիր Գարալովին: Պատասխան չստանալով` Աղվան Հովսեփյանը այս տարվա գարնանն էլ ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի աջակցությունն էր խնդրել, որից հետո խորհուրդը այս տարվա հունիսին հորդորեց ադրբեջանական կողմին իրավական փոխօգնության՝ հայկական կողմի դիմումը քննարկել եւ արդյունքների մասին հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել: Բայց այս միջնորդությունը եւս անպատասխան է մնացել։

Մանվել Սարիբեկյանի դիակը վերադարձվում է Հայաստան, 4-ը նոյեմբերի, 2010թ.
Մանվել Սարիբեկյանի դին հայկական կողմին վերադարձվեց նոյեմբերին` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպմանը համատեղ հռչակագրի ընդունումից հետո, որով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն հայտնեցին որպես առաջին քայլ անհապաղ իրականացնել գերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ։ Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, հռչակագրի ընդունումից մինչ օրս հայկական կողմին հաջողվել է հայրենադարձել միայն Սարիբեկյանի դին ու 2009-ին գերեվարված ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին։
Կարմիր խաչի տվյալներով, այս պահին Ադրբեջանում դեռ 3 հայ ռազմագերի կա եւ 5 հոգանոց մեկ ընտանիք: Ռազմագերիներին հայրենադարձելու գործընթացը կարծես մտել է փակուղի:
«Մեզ համար ոչ այնքան հասկանալի կերպով ադրբեջանական իրավասու իշխանությունների կողմից այդ գործընթացը անընդհատ ձգձգվում է», - նշեց Արմեն Կապրիելյանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` Հայաստանում կա մեկ ադրբեջանցի ռազմագերի:
Իրինա Հովհաննիսյան

No comments: