Tuesday, August 2, 2011

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականն աշնանը կժամանի Հայաստան

News.am. 2-8-2011- ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանն օգոստոսի 1-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ օգնական, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար տկն. Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի հետ եւ նրան հրավիրել Հայաստան:
Հանդիպման սկզբին ՀՀ առաքելության ղեկավարը շնորհավորել է Գրաբար-Կիտարովիչին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց նրան աշխատանքային նոր ոլորտում:
Նրանք քննարկել են հանրային դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության զարգացումը, որի նպատակն է առավել լայն տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ Հայաստանի ու Դաշինքի միջեւ համագործակցության վերաբերյալ եւ բարձրացնել հանրային իրազեկումը` Հայաստանի պաշտպանական եւ անվտանգության ոլորտների բարեփոխումներին աջակցելու, նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելություններում հայ խաղաղապահների ծառայությունը լուսաբանելու նպատակով:
Նշվեց, որ այդ գործընթացին նպաստում են 2007 թվականից Հայաստանում մեկնարկած ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները եւ արդեն չորս տարի Երեւանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:
ՀՀ առաքելության ղեկավարը հրավիրեց Գրաբար-Կիտարովիչին այս տարվա աշնանն այցելել Հայաստան` «ՆԱՏՕ-ի շաբաթ» հերթական տարեկան միջոցառմանը մասնակցելու նպատակով:

No comments: