Sunday, August 14, 2011

Ռուսաստանի Պետդումայի փորձագետ. Իրանը երկար տարիներ դժգոհ է Բաքվից

News.am. 14-8-2011- Իրանն առաջին տարին չէ , որ վիրավորված է Ադրբեջանից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փորձագետ Կարինե Գեւորգյանը` դա բացատրելով այն հանգամանքով, որ Իրանը դժգոհ է Ադրբեջանի` ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ Իրանի, մեղմ ասած, հակառակորդ Իսրայելի հետ համագործակցությունից:
«Իրանում Ադրբեջանի նման վարքագիծը համարում են ծայրահեղ ոչ բարեկամական: Բացի այդ, Իրանում առկա է այսպես կոչված այլախոհության գործոնը: Չարժե գերագնահատել դրա նշանակությունը, այնուամենայնիվ, Իրանում մտահոգություններ կան, որ ադրբեջանական որոշ շրջանակների ներկայացուցիչներ փորձում են անջատողական գործընթացներ ներմուծել Իրան»,-նշեց փորձագետը:Գեւորգյանի կարծիքով` ԻԻՀ գլխավոր շտաբի ղեկավար Հասան Ֆիրուզաբադի վերջերս արված հայտարարության մեջ ոչ մի տարօրինակ բան չկար, այնտեղ մասնավորապես արտացոլված էր վերը նշվածը: «Իրանը Ֆիրուզաբադի միջոցով հայտարարություն արեց, որն էլ հետո պետք է հերքեր պաշտոնական մակարդակով»: Դա հարկ է ընդունել որպես Բաքվին ուղղված յուրօրինակ ուղերձ»,- ասաց Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ Իրանի հարաբերություններին, ապա NEWS.am-ի զրուցակիցը նշեց, որ Իրանը ձգտում է հարաբերությունների ստեղծումն առավելագույնս կայուն հունով տանել: «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանի եւ Իրանի միջեւ մշտապես դիվանագիտական գործընթաց է առկա, ինչը պայմանավորված է Կասպյան, գազային, նավթային եւ այլ շահերով»,-եզրափակեց Գեւորգյյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հասան Ֆիրուզաբադին օգոստոսի 9-ի իր հայտարարության մեջ կոշտ քննադատության էր ենթարկել Ադրբեջանի կառավարությանը «իսլամի սկզբունքին հակասող միջոցառումների համար»: Դրան հաջորդել էր Ադրբեջանի արձագանքը: Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը մասնավորապես նշել էր, որ «լավ կլիներ, եթե զինավորականը հանդես գար ռազմական, քաղաքական գործիչը` քաղաքական հայտարարություններով»:Օգոստոսի 11-ին Ադրբեջանում Իրանի դեսպանին բողոքի նոտա էր հանձնվել:

No comments: