Sunday, August 28, 2011

«New York Post». Թուրքիան ընդդեմ Իրանի

News.am. 27-8-2011- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «New York Post»-ում հրապարակված Ամիրա Թահերիի հոդվածը.
«Սիրիական ապստամբությունն այսօր վերաճում է տարածաշրջանային մրցակիցների` Թուրքիայի եւ Իրանի միջեւ իշխանության համար պայքարի:
Թուրքիան մտորումներից հետո որոշել է, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմն այլեւս չի կարող մնալ: Վերջին շաբաթներին նա համաժողովներ է անցկացրել` ստեղծելով սիրիական «խորհրդարան» ժողովրդավարական անցումը նախապատրաստելու համար: Թուրքերը նաեւ աջակցել են Սիրիայի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցների սահմանմանը:
Թուրքիան որոշակի լծակներ ունի. լինելով Սիրիայի խոշոր ներդրողներից, որի ներդրումների ծավալը գերազանցում է 25 մլրդ դոլարը, նա թուրքական գործարար շրջանակներին խնդրել է ձեռնպահ մնալ կապիտալի նոր հոսքեր կատարելուց:
Անկարան ցանկանում է, որ Ասադը հեռանա` իշխանությունը զիջելով անցումային բարեփոխական կառավարությանը: Սա աջակցություն է գտնում որոշ տրածաշրջանային պետությունների, մասնավորապես` Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի նրա դաշնակից երկրների կողմից: Եվրամիությունը եւս, կարծես ցանկանում է, որ Թուրքիան առաջանային դեր ունենա Սիրիայում:
Սակայն նման սխեմային կատեգորիկ կերպով դեմ է Իրանը: Վերջին տասնամյակի ընթացքում Սիրիան ավելի շատ նրա արբանյակն է դարձել, քան դաշնակիցը:
Իրանը պահպանել է Սիրիայի քայքայվող տնտեսությունը` ներդրումների իրականացման միջոցով, որոնք կազմում են 20 մլրդ դոլար, ինչպես նաեւ Սիրիային «նվերներ» է տվել, այդ թվում` զենք` տարեկան 150 մլն դոլարի չափով:
Ասադի նախագահության օրոք իրանական ներկայացվածությունը խիստ մեծացել է: Երկու երկրներն ստորագրել են պակտ` «փոխադարձ պաշտպանության մասին»:
Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Խամենեին էլ, ըստ ամենայնի, որոշել է Իրանի ողջ ուժով եւ հեղինակությամբ պաշտպանել Ասադին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ դավադիրները հաջողության հասնեն Սիրիայում: Նրանք, ովքեր Սիրիան նշանի տակ են առել, ըստ էության նշանի տակ են առել Իսլամական հեղափոխությունը»,-Խամենեի խոսքերն է մեջբերել «Kayhan» թերթը: «Թուրքիան պետք է իմանա, որ Իսլամական Հանրապետությունը կօգտագործի բոլոր միջոցները` Սիրիայի դեմ դավադրությունը ձախողելու համար»,-ասել է նա:
Իրանը ձգտում է ամեն գնով Ասադի համար տարածաշրջանային աջակցություն ապահովել, սակայն նրա միակ դաշնակիցն այդ հարցում «Հըզբոլլահի » կողմից աջակցվող լիբանանյան կառավարությունն է:
Ոորշ արաբական երկրներ էլ սպասողական դիրք են բռնել` կարծելով, որ առանց ԱՄՆ ամուր աջակցության թուրքական անցումային ռազմավարությունը վստահություն չի ներշնչում:
Այնպես որ, արաբական գարունը Մերձավոր Արեւելքին նոր ձեւ ունենալու հնարավորություն է ընձեռել: Խնդիրն այն է, թե ով եւ ինչպես կօգտվի դրանից:

No comments: