Sunday, August 28, 2011

Wikileaks. Ադրբեջան շատ աշխատանք ունի հասարակությանը ԼՂ հարցի հավանական կարգավորմանը նախապատրաստելու հարցում

Panorama.am. 27-8-2011- Wikleaks-ի հրապարակած գաղտնի նամակագրություններից մեկում, որը թվագրված է 2006 թ-ի հունիսի 2-ով, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռենո Հարնիշը նկարագրում է ադրբեջանական հասարակության շրջանում ԼՂ հակամարտության փոխզիջումային լուծման վերաբերյալ գերիշխող մերժողական տրամադրությունները, որոնք, ըստ դիվանագետի, արդյունքն է իշխանությունների վարած քաղաքականաության:
Պետքարտուղարություն ուղարկած նամակում դեսպանը, մասնավորապես, նկարագրում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական այցը Բաքու ու այդ առնչությամբ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամների ցույցը արտգործնախարարության առջև, ովքեր բազմիցս մեղադրում էին համանախագահներին Հայաստանին սատարելու ու Ադրբեջանի շահերը ոտնահարելու համար:

Մեկ այլ դրվագում դեսպանը նկարագրում է այդ ժամանակ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հանդիպումը ԱՄՆ-ում ուսուցանած ադրբեջանցի շրջանավարտների հետ: Հարնիշի խոսքերով, եթե արմատական ՂԱԿ-ի դժգոհությունները այդքան էլ մեծ տարածում չէին վայելում ադրբեջանցիների մեծամասնության շրջանում, ապա արտերկրում ուսուցանած ադրբեջանցիների հակամարտության փոխզիջումային լուծման հարցում մերժողական դիրքորոշումը, ավելի քան մտահոգիչ է:
Իր մեկնաբանությունում դեսպանը գրել է.
«Մեր դիտարկումների համաձայն, Ադրբեջանի կառավարությունը դեռ շատ աշխատանք ունի իր հասարակությանը հակամարտության հավանական կարգավորմանը նախապատրաստելու հարցում, մասնավորապես այնպիսի կարգավորմանը, որը կենթադրի Ադրբեջանի կորուստը վիճարկվող հողերի որևէ մասից:
«Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» և նմանատիպ այլ արմատական խմբավորումների կողմից սպասելի կլինեն դժգոհություններ հնարավոր զիջումների հարցում, սակայն ավելի անհագնստացող է այն հանգամանքը, որ ադրբեջանցի երիտասարդները, որոնք հիմնականում ուսուցանել են արտերկրում, նույնպես խստորեն մերժում են զիջումների մասին բոլոր հավանականությունները:
Ադրբեջանի կառավարության ներկայիս հասարակական կեցվածքը, որը հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության վրա, միայն խորացնում է հասարակության մեջ անարդարության զգացումը՝ որպես հետևանք սերմանելով մերժողականություն փոխզիջման գաղափարի վերաբերյալ:
Խաղաղ բանակցություննների վերաբերյալ իրատեսական հասարակական քննարկումների բացակայության պարագայում ադրբեջանական հանրությունը, հավանաբար, պատրաստ չի լինի որևէ հավանական լուծմանը»:

No comments: