Friday, August 26, 2011

WIKILEAKS-ՅԱՆ ԵՐԿՈՒ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ` ՃԻ՞ՇՏ ՏԵՂՈՒՄ ԵՎ ՃԻՇՏ ՊԱՀԻ՞Ն

«ԱԶԳ», 26-08-2011- Wikileaks-ի` Հայաստանի հետ կապված երկու բացահայտման համադրումը հետաքրքրական եզրակացությունների կարող է բերել: Այս կայքը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի նամակը Թուրքիայի վարչապետ Էրդողանին 2005 թվականի ապրիլի 25-ին, որը փաստորեն Էրդողանի` Քոչարյանին ուղղված նամակի պատասխանն էր: Խոսքը վերաբերում էր նրան, որ Էրդողանի առաջարկին` ցեղասպանության հարցը քննարկել պատմաբանների հանձնաժողովով, Քոչարյանը պատասխանել էր մերժումով, բայց առաջարկում էր միջկառավարական մակարդակով քննարկել ցանկացած հարց. այս նամակից գաղտնիք չի կարող լինել, քանի որ այս մասին ժամանակին հրապարակվել է, բայց կայքի հրապարակումը որոշ նրբերանգներ է մատուցում, համենայն դեպս` ըստ այս բացահայտումները հայ հանրության սեփականությունը դարձրած «Ազատություն» ռադիոկայանի: Բացի այդ` կցված են նաեւ այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունները, որոնց կցվել են նաեւ Հայաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունները. սա ի սկզբանե ներկայացրած «Ազատությունը», ի դեպ, երեկ ավելի ուշ ճշտել էր, թե թարգմանական սխալ է տեղի ունեցել, եւ Հայաստանի ԱԳՆ-ի «ոչ-թղթային» տեսակետը ներկայացվել է որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանություն: Այսպես թե այնպես` երեկ լրատվական կայքերը այս բոլորը ներկայացրին, կայքերից մեկի (lragir.am-ի) վերլուծությանն էլ այս առիթով արձագանքեց Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: Բայց նախ ներկայացնենք Wikileaks-յան բացահայտումը: «Հարգելի վարչապետ, ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարեւաններ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքըՙ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը եւ երկխոսություն սկսելու երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ», գրել է Էրդողանին Ռ. Քոչարյանը` հավելելով, թե տարաձայնություններ ունեցող երկրներ Եվրոպայում շատ կան, սակայն դրանք չեն խանգարել նրանց` ունենալու բաց սահմաններ, հաստատելու նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր` նույնիսկ եթե նրանք շարունակել են միմյանց բաժանող խնդիրները. «Անցյալը լուծելու ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից», նշել է Քոչարյանը` շեշտելով, որ օգտակար երկխոսությունում ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ եւ նպաստավոր քաղաքական միջավայր:

«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել եւ նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ... Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւՙ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել», գրել է Հայաստանի երկրորդ նախագահը:

Lragir.am-ի մեկնաբանի` այս նամակի վերաբերյալ եզրակցությանը, թե այն, ինչ մերժել է Ռոբերտ Քոչարյանը (պատմաբանների հանձնաժողով), ընդունել է Սերժ Սարգսյանը` ի պատասխան նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն այսպես է արձագանքել. «Հայտնում եմ Ձեզ, որ սա բացահայտ ապատեղեկատվություն է: Անգամ չանդրադառնալով այն հարյուրավոր հայտարարություններին ու պարզաբանումներին, որ բազմիցս այս հարցի շուրջը տրվել են` Ձեր կողմից տարածված եզրահանգումների` իրականության հետ կապ չունենալու մասին կարող եք համոզվել նույնիսկ Ձեր իսկ կողմից վերլուծության ենթարկված տեղեկատվության աղբյուրի մեկ այլ հրապարակումից, որտեղ ասվում է.

«Սարգսյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությանը.... (նշելով) ... 2. Ցեղասպանությանն առնչվող պատմական հարցերը չեն քննարկվելու պատմաբանների կողմից, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակում»: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս տողերին. «Ոչ միայն չեն կարող քննարկվել պատմաբանների կողմից, ոչ էլ անգամ ամբողջական միջկառավարական հանձնաժողովի կողմից, այլ ավելի ցածր, միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակներում: Մի բան, ինչի մասին նախագահ Սարգսյանը մեկ անգամ չէ հայտարարել»:

Ահա այսպիսի իրարանցում Wikileaks-ի հրապարակումների շուրջը, որոնք սովորաբար տեղի են ունենում այն պահին եւ այն երկրում, երբ պետք է ինչ-որ բան խառնշտել:

Հետաքրքրական է, որ Wikileaks-ի մի ուրիշ հրապարակմամբ` Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ԱՄՆ պետքարտուղարությանը մարտի 11-ին գրած գաղտնի նամակում մինչ այժմ անհայտ բնորոշումներ է տվել Հայաստանի առաջին նախագահին. 2009 թվականի մայիսի 1-ի հանրահավաքին, որի մասնակիցների թիվը ընդդիմությունն ակնհայտորեն ուռճացնում էր, Յովանովիչը ճշգրտում է արել, թե ԱՄՆ դեսպանատան գնահատականներով հանրահավաքավորների թիվը 6-8 հազար է եղել, եւ անկախ նրանից, որ «չի կարելի կանխատեսել նախկին նախագահի հեռահար ծրագրերը, այնուամենայնիվ` հանրահավաքի մասնակիցների նվազումը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի համախոհները կորցնում են ընտրություններում հաղթանակ տանելու հնարավորության վստահությունը»: Ապա Յովանովիչը այդ նամակում խոսել է այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված քննադատության ժամանակ Տեր-Պետրոսյանի տոնն ավելի մեղմ է եղել, քան ավելի վաղ:

Դե տեսեք, որ համադրումից եզրահանգումների կարելի է գալ:

Հիմա ի՞նչ է ուզում ասել Wikileaks-ը կամ նրա հետեւում կանգնած ամերիկյան որոշ շրջանակներ այս համաժամանակյա բացահայտումներով: Եթե դրան ավելացնենք, որ Wikileaks-յան բացահայտումներում մեջբերումներ կան Հայաստանի դիվանագիտական կորպուս-նախագահ Սարգսյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ասածներից (էլի Յովանովիչի մի գաղտնի նամակից` Պետդեպին), թե նա (Հայաստանի նախագահը) ընդունել է, որ Մադրիդյան սկզբունքները ունեն որոշ թույլ արտահայտված կետեր, բայց նշել է, որ ԼՂ հարցի կենտրոնական խնդիրը` ինքնորոշման իրավունքը պահպանված է, ու` «ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը «սուրբ հարց է», իսկ այդ գործընթացը կանգնեցնելուն ուղղված որոշ մարդկանց ջանքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ «մանր սպեկուլյանտություն» (սա, ըստ Յովանովիչի, ասել է Հայաստանի նախագահը), մտածելու նյութն ավելի կշատանա: Մանավանդ որ իշխանամետ կայքերում այս մատուցումները ճշգրտելու եւ վերլուծելու պակաս չկա:

No comments: