Thursday, September 29, 2011

Կալիֆոռնիա նահանգում ապրիլի 24-ը հռչակվեց Հիշատակի օր

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը եւ պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը հանդիպեցին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդ համայնքի քաղաքապետ Լարի Մակ Քալոնի հետ:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ Հայլենդը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հուշագիր եւԱպրիլի 24-ը հռչակել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Լարի Մակ Քալոնը ՀՅԴ խմբակցության ղեկավարին հանձնեց հռչակագիրը, իսկ Վահան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հուշագիրը կհանձնվի Հայոց ցեղասպանության թանգարանին:
Վահան Հովհաննիսյանը, կարեւորելով քաղաքապետարանի կողմից այս որոշման կայացումը, նշեց, որ Հայլենդը ունի փոքրաթիվ հայ համայնք եւ հուշագիրն ընդունվել է ամերիկացիների նախաձեռնությամբ:

ՀՌՉԱԿԱԳԻՐ
«Լրագիր» 29-9-2011- Հաշվի առնելով, որ 1915 թվականի ապրիլի 24-ին սկիզբ դրվեց Հայոց Ցեղասպանությանը, երբ Օսմանյան Թուրքիան Կոստանդնապոլսում և Թուրքիայի այլ քաղաքներից տեղահանեց ու ջարդի ենթարկեց շուրջ 600 հայ առաջնորդների, գրողների, մտածողների եւ մտավորականների, ինչպես նաև շուրջ 5000 հայեր սպանվեցին փողոցներում և իրենց սեփական տներում,
Հաշվի առնելով, որ 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիան ջարդերի և մահվան երթերի միջոցով հազարավոր հայ համայնքներում կանխամտածված ոչնչացման ծրագիր իրականացրեց` ոչնչացնելով ավելի քան 1,500,000 հայերի, հարյուր հազարավորների էլ ուժով հարկադրելով լքել իրենց տներն ու հինավուրց բնօրրանը,
Հաշվի առնելով, որ 1,5 մլն. հայեր, վերապրելով ոչնչացման և աքսորի սարսափը հարկադրված եղան տեղահանվել ու սփռվել աշխարհի տարբեր երկրներում,
Հաշվի առնելով, որ չնայած Ցեղասպանությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթերի ու ապացույցների` Թուրքիայի կառավարությունը երբեք չի ճանաչել կամ ընդունել հայ ժողովրդի ցեղասպանության պատասխանատվությունը,
Հաշվի առնելով, որ ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության շարունակական ժխտումը պղծում է հայերի նախնիների հիշատակն ու հիշողությունը,
Հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը չի ստացել իր կորուստների փոխհատուցումը,
Հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը հետամուտ է իր պատմական հողերում ինքնորոշման և զարգացման հեռանկարին,
Հաշվի առնելով, որ չնայած հայ ժողովրդի անցյալում արձանագրված ոճրագործությանը` ներկա սերունդը եղավ ուժեղ, ստեղծագործ` ունենալով նվիրյալ քաղաքացիներ աշխարհի տարբեր երկրներում,
Հաշվի առնելով, որ Հայլենդ քաղաքի ողջ բնակչության կամքն է միանալ ամերիկահայերի հավաքական հիշատակին` այդպիսով կանխարգելելով ապագայում մարդկության դեմ իրականացված նման ոճիրները:
Սույնով, ես` Լարի Մակ Քալոնը, որպես Կալիֆոռնիա նահանգի Հայլենդ քաղաքի քաքապետ, որոշում եմ՝
այսուհետ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդ քաղաքում յուրաքանչյուր տարվա ապիլի 24-ը հռչակել որպես ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ:
Հռչակված է Սեպտեմբերի 22-ին, 2011:
Լարի Մակ Քալոն, Քաղաքապետ
Ոչ պաշտոնական թարգմանություն

No comments: