Tuesday, September 6, 2011

Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 9-ից ակտիվացնելու է պայքարը

News.am. 6-9-2011- Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 9-ից հետո ակտիվացնելու է իր հանրահավաքային շարժումն ու պայքարը եւ այդ մասին կհայտարարվի առաջիկա հանրահավաքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
«Հենց ամսի 9-ին էլ կհայտարարվի: Իսկ որ այդպես է լինելու ակնհայտ է, որովհետեւ ժամկետը, ինչպես նշել ենք, սեպտեմբերն է արտահերթ ընտրությունների մասով կողմնորոշվելու համար:
Մինչեւ սեպտեմբեր տրված ժամկետը մնում է ուժի մեջ, ոչինչ չի փոխվել»,- նշեց Կարապետյանը:
Վերջինիս խոսքով, մթնոլորտի եւ հանրահավաքի վրա լուրջ ազդեցություն կունենա Տիգրան Առաքելյանի` անազատության մեջ գտնվելու հանգամանքը: «Որովհետեւ այս իշխանությունների որոշումն է կրկին անցնել բռնաճնշումների: Տիգրան Առաքելյանը ակնհայտ քաղբանտարկյալ է, եւ այդ հանգամանքը միեւնույն ժամանակ չի ստվերելու մեր վճռականությունը շարունակելու մեր պայքարը` Հայաստանում հաստատելու սահմանադրական կարգ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով»,- ասաց Կարապետյանը:
Անդրադառնալով առաջիկա հանրահավաքին` Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ ՀԱԿ-կոալիցիա բանակցությունների ընթացքում իշխանական պատվիրակությունը խոստացել էր ճանապարհների մոնիտորինգ անցկացնել` պարզելու արդյոք կա՞ն խնդիրներ տրանսպորտի հետ կապված:
«Մենք կհետեւենք, թե որքանով են իրենք կատարում իրենց խոստումը: Մենք խմբեր ենք կազմելու, որոնք հետեւելու են տրանսպորտի աշխատանքին: Բացի դրանից իրազեկման մի շարք միջոցառումներ են իրականացվելու, այցելություններ բակեր, բարձրախոսներով, իրազեկման ամբողջ համալիրն իրականացվելու է»,- ազդարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:

No comments: