Tuesday, September 6, 2011

Թուրքիայում աշխատող հայաստանցիներին «ջերմացնում է» այն միտքը, որ օգնում են իրենց ազգականներին. EurasiaNet

HayNews.am. 5-9-2011- EurasiaNet կայքում հրապարակվել է հոդված, որում նշվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունների ստորագրումից անցել է երկու տարի, սակայն այս երկու կողմերի փոխհարաբերությունները շարունակում են բարդ մնալ: Ըստ Regnum գործակալության՝ հրապարակման հեղինակներ Մարիանա Գրիգորյանն ու Անահիտ Հայրապետյանը նշել են, որ չնայած Հայաստանի և Թուրքիայի` միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքին՝ հազարավոր հայեր շարունակում են մեկնել այդ երկիր՝ հույս ունենալով գտնել այն աշխատանքը, որը բացակայում է իրենց հայրենիքում:
Ըստ հոդվածի հեղինակների՝ Հայաստանում պաշտոնական տվյալներով գործազրկության մակարդակը 6,6 տոկոս է, ինչը ցածր է Թուրքիայի համանման ցուցանիշից (9,6 տոկոս), մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներով ՀՀ-ում գործազրկության մակարդակը բնորոշվում է երկնիշ թվերով. «Երկրի տնտեսությունն այդպես էլ չի վերականգնվել 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո. 2010-ին տնտեսական աճը կազմել է ընդամենը 2,6 տոկոս, թիվ, որը «խամրում է» Թուրքիայի ցուցանիշների համեմատ, որի տնտեսական աճն անցյալ տարի եղել է 8,9 տոկոս՝ ինչը Եվրոպայի ամենաբարձր ցուցանիշն էր»:
Հոդվածագիրները նշել են. «Հայաստանի բնակիչների համար, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, Թուրքիան այն երկրների շարքում է, ուր կարելի է գնալ գումար վաստակելու համար՝ չնայած Օսմանյան Կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված հայերի զանգվածային սպանություններից հետո հայերի ապրած ցավին և Թուրքիայի կողմից ղարաբաղյան հարցում Ադրբեջանին աջակցությանը»:
Հոդվածի հեղինակները նաև զրուցել են Պոլսի Գումգափու թաղամասում բնակվող 60-ամյա Օֆելյա Հակոբյանի հետ, ով 10 տարի առաջ է գնացել Թուրքիա, նա աշխատում է որպես հավաքարար ու բնակվում է անչափ փոքր ու անհարմար բնակարանում:
«Այն գոյությունը, որ ես պահպանում եմ կյա՞նք է համարվում»,-ասել է կինը:
Մեկ այլ հայուհի Էջմիածնից պատմել է. «Ահա թե ինչպիսին է մեր կյանքը, կատարյալ դժվարություն ու զրկանքներ: Բայց մեզ գոնե ջերմացնում է այն միտքը, որ կարող ենք օգնել մեր հարազատներին, որոնք Հայաստանում են»:
Կինն ասել է, որ ընտանիքի անդամներին չի հայտնել, որ հավաքարար է աշխատում, քանի որ Հայաստանում անընդունելի են համարում թուրքի տները մաքրելը:


No comments: