Thursday, September 8, 2011

Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծում գոյություն չունի. Իգոր Մուրադյան

Tert.am. 8-9-2011- «Գերտերությունները չեն ցանկանում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, պետք է սա հասկանալ այնքան պարզ, որքան երկու անգամ երկու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը՝ անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացին: Ըստ նրա՝ այսօր խնդրի կարգավորման գործում ներգրավված պետությունները եկել են այն եզրակացության, որ լավագույն տարբերակը ստատուս քվոյի պահպանումն է, ընդ որում՝ այդ իրավիճակը լավ է ամբողջ միջազգային հանրության համար:
«Բոլորն են հասկացել, որ խնդրի քաղաքական լուծում գոյություն չունի: Խնդրի իրական կարգավորումը պատերազմ սկսելն է, ինչը որևէ մեկը չի ուզում»,- շարունակեց Մուրադյանն՝ ավելացնելով, որ գերտերությունները կողմերին թույլ չեն տա պատերազմ սկսել, քանի որ միլիարդավոր դոլարներ են ներդրել տարածաշրջանից նավթ արտահանելու համար:
«Ադրբեջանում բոլոր՝ գեներալիտետը, երկրի ղեկավարությունը շատ են վախենում պատերազմ սկսելուց: Ադրբեջանը պատերազմ կսկսի միայն այն դեպքում, երբ սանկցիա ստանա Թուրքիայից»,- նշեց նա:
«Ճիշտ կլինի հայտարարել, որ մեր նախորդ քաղաքականությունը սխալ է եղել, քան շարունակել այս գործընթացը»,- Հայաստանի անելիքի մասին նշեց Մուրադյանը:

No comments: