Saturday, September 10, 2011

Պուպուշ դեմոկրատ չէինք լինի, այլ...

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողների ներկայացրած բանաձեւի նախագծի վերաբերյալ զրուցեցինք ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանի հետ:

- ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ներկայացված է մարտի 1-ի մասին բանաձեւի նախագիծ: Այնտեղ նշված է հետեւյալը. «Հայաստանի վերջին համաներման արդյունքը, 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ կատարված 10 սպանությունների հետաքննությանը տրված նոր ազդակը, կառավարության և ըննդիմության ներկայացուցիչների միջև սկսված կառուցողական երկխոսությունը նշանակում են, որ 2008-ի մարտյան դեպքերի էջը կարելի է վերջապես համարել փակված»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը, արդյոք իրապես փակված կարելի է համարել մարտի 1-ի էջը:
- Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին հայտարարությունն առնվազն տարակուսանք է հարուցում, քանի որ նույն ԵԽԽՎ-ն բազմիցս հայտարարել է, որ այդ օրը տեղի ունեցած սպանությունների չբացահայտված լինելը Հայաստանում քաղաքական մթնոլորտի նորմալացմանը խոչընդոտող ամենակարեւոր գործոնն է: Իմ կարծիքով, սա պարզապես թյուրիմացություն է: Տեքստի հեղինակները թերեւս ցանկացել են ասել, որ քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, Ազատության հրապարակի վրա դրված արգելքի վերացմամբ, մարտի 1-գործի վերաբացմամբ եւ վերջապես իշխանության ու ընդդիմության միջեւ երկխոսության ռեժիմի հաստատմամբ մարտի 1-ի պատճառով ծայր առած քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Ես համարում եմ, որ դա նույնպես իրականության դեմ մեղանչող հայտարարություն է, բայց դա նույնը չէ, ինչ հայտարարելը, թե կարելի է մոռանալ այդ սպանությունների մասին: Չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ն գիտակցաբար նման անբարոյական կեցվածք կընդուներ: Ես այդպես չեմ կարծում նաեւ այն պատճառով, որ չնայած նախաբանում արված այդ արտառոց հայտարարությանը, բուն տեքստում մարտի 1-ի հետաքննության ընթացքի մասին ասվածից բոլորովին չի բխում, որ ԵԽԽՎ-ն այդ էջը փակված է համարում:

- Կարելի՞ է ենթադրել, որ ընդդիմությունն օգնեց վարչախմբին` միջազգային ասպարեզում «պարզերես» դուրս գալ:
- Ընդդիմությունը երբեք չի առաջնորդվել իր քայլերը վարչախմբին դրսում պարզերես կամ սեւերես անելու նկատառումներով պայմանավորելու սկզբունքով: Իսկ ի՞նչ պետք է անեինք մենք: Չգնայի՞նք երկխոսության, որ վարչախմբին պարզերես չանենք, չնայած համարում էինք, որ երկխոսության գնալը բխում էր մեր հասարակության ու պետության շահերից: Ավելին, եթե մեր պահանջների բավարարումից հետո մենք մերժեինք երկխոսության մարտավարությունը, իշխանությունները շատ ավելի պարզերես էին դուրս գալու նույն ԵԽԽՎ-ի աչքում: Բայց այդ նկատառումը նույնպես որեւէ դեր չի ունեցել մեր հաշվարկներում:

- Բանաձեւի 56-րդ կետում Հայ Ազգային Կոնգրեսի՝ արտահերթ ընտրությունների պահանջը փաստորեն քննադատվում է, որպես մի պահանջ, որը հաշվի չի առնում, թե որքան դժվար է կարճ ժամանակում ընտրություններ կազմակերպելը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը:
- Սա, ըստ իս, բանաձեւի ամենախայտառակ կետն է: Եւ ես այն խայտառակ եմ համարում ոչ այն պատճառով, որ ԵԽԽՎ-ն համարձակվել է մեզ հետ չհամաձայնել: Սա խայտառակություն է, որովհետեւ մենք նրանց արդեն բացատրել ենք, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելու կարողությունը պարզապես սահմանադրական պահանջ է: ԿԸՀ-ն նույն փաստա՞րկն է առաջ քաշելու, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը վաղն ստիպված լինի հրաժարական տալ ոչ թե ՀԱԿ-ի պահանջով, այլ ասենք առողջական խնդիրների պատճառով: Ես պարզապես ապշած եմ, որ ԵԽԽՎ-ն կարող էր նման անլրջություն թույլ տալ իրեն:

- Բանաձեւի 43-րդ կետը կոչ է անում նաեւ բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ ընտրությունների կեղծվելու մասին կանխատեսումներ անելուց եւ արդյունքներից դժգոհ լինելու դեպքում ընտրությունների արժանահավատությունը հարցականի տակ դնելու համար հող նախապատրաստելուց: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Արդար ընտրություններում կրած պարտությունն ընդունելը ժողովրդավարության հաստատման կարեւորագույն գրավականներից է: Եւ սկզբունքորեն ես որեւէ առարկություն չունեմ նման հորդրորի դեմ: Բայց լուրջ դեմքով մեր երկրի քաղաքական ուժերին ու հատկապես ընդդիմությանը նման խորհուրդ տալը նույնպես հարցեր է առաջացնում այդ զեկույցը պատրաստողների լրջության վերաբերյալ: Հայաստանում վերջին նախագահական ու քաղաքապետի ընտրությունների կեղծված լինելու նույնքան շատ ապացույց կա, որքան այն հիպոթեզի մասին, որ երկիրը կլոր է: Գիտենք նաեւ, որ հաջորդ ընտրություններն ըստ էության նույն մարդիկ ու ինստիտուտներն են կազմակերպելու: Հետեւաբար, եթե մենք համոզված չլինեինք, որ հաջորդ ընտրությունները նույնպես կեղծելու են, եթե իհարկե դա պարզապես անհնար դարձնող հակամիջոցներ չձեռնարկվեն, ապա մենք ոչ թե պուպուշ դեմոկրատներ կլինեինք, այլ խելագարներ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 10-9-2011-

No comments: