Thursday, September 1, 2011

Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտությունը հրահրվել էր Ադրբեջանի` ազգայնականորեն տրամադրված էլիտայի կողմից

News.am. 1-9-2011- Ղարաբաղյան հակամարտությունը, շատ փորձագետների կարծիքով, հրահրվել էր Ադրբեջանի` ազգայնականորեն տրամադրված էլիտայի կողմից: Այդ մասին «Ռուսաստանի ձայնին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության կենտրոնի միջազգային հարաբերությունների եւ էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը: Նրա խոսքով` թեեւ միջնորդները կողմերին վաղուց փոխզիջումային տարբերակներ են առաջարկել, սակայն ներկայումս Լեռնային Ղարաբաղի իրավիճակն այդպես էլ լուծում չի գտել:
«Կարծես թե այդ ռեգիոնալ դաշտում բոլոր արտաքին մասնակիցներն ու դերակատարները համակարծիք են, որ ավելի լավ է պահպանել հակամարտությունը սառեցված վիճակում, քան փորձել այն լուծել: Քանի որ կողմերի` Երեւանի եւ Բաքվի դիրորոշումներն այսօր տրամագծորեն հակառակն են: Արդեն չեմ խոսում Ստեփանակերտի դիրքորոշման մասին, որն ընդհանրապես անտեսում են »,-նշել է Իվանովը:
Փորձագետի խոսքով` իրավիճակը բարդանում է այն առումով, որ նույնիսկ Երեւանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Հակամարտությունը լճացման վիճակում պահելը, տվյալ պահին, բերում է միայն տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացմանը: Իսկ դա հղի է բնակչության շահագործման վերակագնման վտանգով», -ընդգծեց Իվանովը` ավելացնելով, որ հակամարտությունն ավելի պայթյունավտանգ բնույթ է ձեռք բերում: «Տվյալ պահին ժամանակը չի աշխատում դրա պոտենցիալ սպառնալիքը նվազեցնելու օգտին: Այն սպառնալիք է ներկայացնում նաեւ Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Քանի որ սպառազինությունների ակտիվ մրցավազք է, միլիտարիզացիա` տվյալ դեպքում` Ադրբեջանի»,-եզրափակել է փորձագետը:

No comments: