Thursday, September 1, 2011

ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Lragir.am. 31-8-2011- Բավական էր, որ Սերժ Սարգսյանն իր հրապարակային երկու ելույթներում հանդես գա հանրության մեջ հերոսի կերպար ձեւավորելու եւ երիտասարդներին օրինակելու դարձնելու մասին հայտարարություններով, երբ հրապարակ ելավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ հարցազրույց տալով Արցախի Հանրային հեռուստաընկերությանը, փորձեց հերոսանալ:
Հարցազրույցի ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը փորձում էր ընդգծել Ղարաբաղի անկախության, պատերազմի հաղթանակի, հետպատերազմյա զարգացումների եւ նաեւ Հայաստանի առաջընթացի գործում իր առաջատար դերը, գրեթե միանձնյա առաջատար դերը, իհարկե մի երկու անգամ համեստորեն նշելով նաեւ իր հետ աշխատող թիմի մասին:
Այլ կերպ ասած, Քոչարյանը դուրս եկավ հրապարակ ու հայտարարեց`«Ահա, ես եմ հերոսը»: Հիմա երեւի թե պետք է սպասել, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը: Ամենայն հավանականությամբ, նա կփորձի հերոսության դափնին վիճարկել, առնվազն հետ չմնալով Ռոբերտ Քոչարյանից: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը գնա այլ ճանապարհով եւ ոչ թե անձամբ փորձի հակադրվել, այլ Հայաստանի ու Ղարաբաղի անկախության 20-ամյակներին ընդառաջ մի այնպիսի հերոսական «ծաղկեփունջ» հանի հրապարակ, որ այն ծածկի Ռոբերտ Քոչարյանին:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը թե Քոչարյանի հերոսանալու ջանքը կարգելափակի, թե միեւնույն ժամանակ հանրության առաջ կներկայանա իբրեւ համեստ առաջնորդ, որն ամենեւին խնդիր չունի հերոս երեւալ, այլ համեստորեն երեւան է բերում այլ` ավելի արժանավոր հերոսների: Դե, իսկ ենթատեքստում բնականաբար կլինի այն, որ այսօր առաջնորդի համեստությունն արդեն իսկ հերոսություն է, որը պետք է գնահատվի հանրության մոտ:
Ղարաբաղի պատերազմի հերոսի դափնիները Հայաստանում նոր չէ, որ վիճարկվում են ամենաբարձր մակարդակով: Օրինակ, 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական հոլովակներում նկարահանվում էր կամուֆլյաժով, զենքը ձեռքին սարերը բարձրանալիս: 2003 թվականի նախագահի ընտրությանն էլ, Ստեփան Դեմիրճյանի հետ մրցակցությունում շատ հաճախ մատնանշվում էր Ղարաբաղի պատերազմին Դեմիրճյանի առնչություն չունենալու հանգամանքը:
Դրանից առաջ էլ, քաղաքական բարձր, միջին եւ ստորին մակարդակներում Ղարաբաղի պատերազմի հերոսական վիճարկումները դեֆիցիտ չեն եղել: Իսկ այդ վիճարկումներում հաղթողները կարողացել են դառնալ նյութական եւ քաղաքական մեծ իշխանության տեր, իսկ նրանց ճնշող մեծամասնությունը մինչեւ օրս էլ շարունակում է լինել այդպիսին:
Դրան զուգահեռ, Ղարաբաղի պատերազմի շատ հերոսներ, Ղարաբաղի շարժման, ԼՂՀ անկախության գործընթացի շատ մասնակիցներ գտնվում են այսպես ասած լուսանցքից դուրս, ապրում են իրենց համեստ կյանքով, նույնիսկ տառապում են այդ կյանքից, չեն կարողանում հոգալ իրենց օրվա ապրուստը, առողջական խնդիրները, որ կուտակել են այդ տարիներին, չեն կարողանում գոնե իրենց զավակների համար տառապազերծ կյանք ապահովել:
Ղարաբաղի պատերազմի արձագանքը բաժանվել է երկու մասի` շքեղ եւ խուլ մասերի: Մի մասում աղմկոտ շքեղությունն է, հարցազրույցները, նկարահանումները, գեղարվեստական ֆիլմերի նախատիպերը, վավերագրական ֆիլմերի եւ հաղորդաշարերի բազմակի հերոսները, իսկ մյուս կողմում համեստ լռությունն է, լուռ տառապանքը:
Դժվար է չափել, թե որն է ավելի շատ, կամ որն է ավելի ծանր: Եթե մի կողմը լուռ ու ծանր վեհությամբ նստած է, իսկ մյուս կողմում ապրում են թեթեւ ու աղմկոտ իշխանությամբ, դա դեռ չի նշանակում, թե ծանրը այդ շքեղ ու աղմկոտ կողմն է: Չէ որ ամեն ինչ հարաբերական է, այդ թվում ծանրությունը: Չէ որ նաեւ հերոսությունն է հարաբերական:
Ով հեռուստատեսությամբ երեւալու իշխանություն ունի, ով հաղորդաշար կամ ֆիլմ պատվիրելու իշխանություն կամ փող ունի, ով թերթ գնելու ուժ եւ կարողություն ունի, ով գիրք տպելու փող կամ բիզնեսմեն ընկերներ ունի, գլխակորույս նետվում է հերոսության այդ մրցավազքի մեջ, հասկանալով, որ մեր ժամանակներում հերոսությունը դարձել է բորսայական ապրանք, որը պետք է կարողանաս ճիշտ ժամանակին գնել կամ վաճառել, այլապես քեզ սնանկություն է սպասում:
Իսկ հասարակությունը թերեւս սպասում է իրական հերոսապատման, երբ Ղարաբաղի շարժման եւ պատերազմի անցուդարձը կներկայացվի համակողմանիորեն: Այդ ամենի իրական չափումը կլինի այն ժամանակ, երբ այդ անցուդարձի բոլոր առանցքային մասնակիցները կունենան արտահայտվելու հավասար հնարավորություններ, երբ հանրությունը բոլորին կլսի, շատ բան կլսի, տարբեր բան կլսի, ու հնարավորություն եւ տեղեկացվածություն կունենա կամովին ընտրել իր հերոսին:

No comments: