Thursday, September 1, 2011

Երևանն ու Բաքուն պատրաստվում են Լեռնային Ղարաբաղում երկարատև դիմակայության. АН

Tert.am. 31-8-2011- Ըստ ամենայնի՝ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են սպառազինությունների մրցավազք։ Այս մասին գրում է «Արգումենտի Նեդելի» (АН) թերթը՝ ընդգծելով, որ ներկա մրցավազքում կողմերն ավելի շատ կարևորում են հայրենական ռազմարդյունաբերության հիմնումը:
«Ի տարբերություն անցած տարիների՝ կողմերը շեշտը դնում են ոչ թե արտերկրից սպառազինության ներկրման, այլ հայրենական ռազմարդյունաբերության ձևավորման վրա։ Փորձագետների կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ Երևանն ու Բաքուն պատրաստվում են Լեռնային Ղարաբաղում երկարատև դիմակայության։ Ռազմական գործողությունների սկսման դեպքում աշխարհի պետությունները, ամենայն հավանականությամբ, էմբարգո կսահմանեն սպառազինության ներկրման վրա։ Իսկ ներկրված տեխնիկան և ռազմամթերքը կարող է երկար ժամանակ չբավականացնել»,– գրում է АН–ը՝ շարունակելով. «Ադրբեջանը սկսել է «Կալաշնիկով» տեսակի (АК-74М) ինքնաձիգերի սերիական արտադրություն։ Սակայն Բաքուն հիմնականում հիմնվում է Թուրքիայի վրա։ Այդ երկու երկրները պայմանավորվել են համատեղ արտադրել հետևակային հրացաններ և 105 մմ տրամաչափի հրանոթներ։ Հետագա համագործակցության շրջանակում նախատեսվում է արտադրել 120 մմ տրամաչափի ականանետներ։ Բացի այդ, Անկարան և Բաքուն արտադրում են համազարկ կրակի ռեակտիվ համակարգ, որի համար նախատեսված հրթիռներն արտադրվում են Ադրբեջանում, որտեղ ցանկանում են ինքնուրույն արտադրել նաև հակատանկային կառավարվող հրթիռներ»։
Ընդգծելով, որ Հայաստանը նույնպես ձեռքերը ծալած նստած չէ, պարբերականը գրում է. «Վերջերս Երևանում ընդունել են Սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ոչ միայն սպառազինության ներմուծում, այլև սեփական հայկական ռազմարդյունաբերության զարգացում։ Դեռևս անցած տարի Հայաստան էր այցելել մեծաթիվ ռուսական պատվիրակություն, որը բանակցություններ է վարել հայկական կողմի հետ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման մասին։ Ինչպես հայտնի է դարձել, առաջիկայում Հայաստանում կառուցվելու է զենքի արտադրման հայ–ռուսական 9 համատեղ գործարան։ Փորձագետների կարծիքով՝ ռազմամթերքից բացի այդ գործարաններում արտադրվելու է նաև ծանր ռազմական տեխնիկա»։

No comments: