Tuesday, September 27, 2011

«ԱՍՈՐԻՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»

«ԱԶԳ» , 27-09-2011- Այդ մասին գրված է Թուրքիայում 10-րդ դասարանցիների համար նախատեսված պատմության դասագրքի «Ասորիների վիճակը Օսմանյան կայսրության մեջ» բաժնում: 2009-ին Թուրքիայի կրթության նախարարության հաստատած դասագրքի 65 եւ 66-րդ էջերում, ինչպես երեկ վկայել է «Միլլիեթը», նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ասորիները, տուրք տալով Ռուսաստանի եւ եվրոպական մեծ տերությունների սադրանքներին, ապստամբություն են բարձրացրել Օսմանյան կայսրության դեմ, եւ անհաջողության մատնվելուց հետո նրանց ճնշող մեծամասնությունը հեռացել է Անատոլիայից:
Դասագիրքը շարունակում է. «Լոզանի» պայմանագրով ասորիները համարվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ... Վերջին տարիներին տնտեսական պատճառներով աճել է արտագաղթողների թիվը: Հատկապես եվրոպական երկրներ արտագաղթած ասորիները բարեկեցիկ կյանք վարելու համար գործիք էին դարձել արեւմտյան պետությունների ձեռքին: Նույնիսկ 1915-ի այսպես կոչված ասորիների ցեղասպանությունից են խոսում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ասորիներն աջակցել են ռուսներին, եւ նրանց դեմ օսմանյան պետության մեջ պայքար է ծավալվել ելնելով պատերազմական իրավիճակից: Հետեւաբար ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»:
Հատկանշական է, որ այդ նույն դասագրքով Թուրքիայում պատմություն են դասավանդում նաեւ ասորի աշակերտներին: Ինչ վերաբերում է թուրքերին, ապա նրանք դեռեւս դպրոցական տարիքից թշնամանում են ասորիների դեմ, այդ թվումՙ դասընկերների:
Նկատի առնելով այս հանգամանքը, ասորի գրող Մարկոս Ուրեքը բուռն հակազդեցությամբ արձագանքել է դպրոցներում աշակերտների միջեւ անգամ թշնամանք սերմանող այս դասագրքին, իսկ ասորիների ապստամբության առնչությամբ ասել է. «Հակառակ դասագրքի գրածներին, ասորիները պետության դեմ ապստամբություն չեն բարձրացրել, պարզապես արեւելյան ասորիները պաշտպանվել են քուրդ աշիրաթների հարձակումներից»:

No comments: