Tuesday, September 27, 2011

Եթե Սերժը խնդրի Լեւոնին

«Լրագիր» 27-9-2011- Հայ ազգային կոնգրեսն ըստ ամենայնի պատրաստվում է այսպես ասած կողքից հետեւել, թե ինչպես են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պայքարելու իշխանության համար, եթե իհարկե Քոչարյանը որոշի ակտիվ վերադարձի քաղաքականությունը լրջորեն առաջ տանել: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այդ դեպքում Սերժ Սարգսյանին Կոնգրեսի հնարավոր աջակցության մասին հարցին պատասխանել է, թե “իրենք իրար լավ էլ կմորթեն”, նկատի ունենալով իշխանության երկու թեւը:
Հավանաբար Կոնգրեսը ակնկալում է օգտվել այդ իրավիճակից եւ առաջ մղել իշխանափոխության գործընթացը, որը արգելակվել է երկխոսության ու ջրբաժանի արանքում: Ամեն կերպ հետաձգելով սեփական “ջրբաժանը”, Կոնգրեսը հավանաբար ակնկալում է օգտվել ներիշխանական “ջրբաժանից”:
Բայց, արդյոք Կոնգրեսին կհաջողվի մնալ այդ դիրքում, եթե օրինակ Սերժ Սարգսյանն ինքը դիմի օգնության, ասենք երկխոսությունը վերսկսելու, բայց իշխանությունը չզիջելու պայմանով: Ինչ կանի Կոնգրեսը, բացի իհարկե Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու պայման դնելը: Իհարկե, Տեր-Պետրոսյանն արդեն ներկայացրել է հայտնի պահանջները, որ նա կարդաց սեպտեմբերի 23-ի հանրահավաքին, բայց տպավորությունն այնպիսին է, որ Կոնգրեսն ինքն էլ չի հավատում իր պահանջների կատարմանը:
Մասնավորապես, միայն դրանով է հնարավոր բացատրել Տեր-Պետրոսյանի այն խոսքը, որ հաջորդեց պահանջների ընթերցմանը. “Հասկանալի է, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման”։
Մինչդեռ հենց առաջին երկու պահանջներն են, որ կազմում են ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման առանցքը, հենց Կոնգրեսի իսկ հռչակած առանցքը, եւ եթե առաջին երկու պահանջների կատարման մասով պատրաստակամություն է հայտնվում հրաժարվել մաքսիմալիզմից, մնացյալ պահանջները փաստացի արդեն որեւէ էական դերակատարում չունեն:
Ուրեմն, ինչն է, որ Կոնգրեսի համար կարող է փոխարինել այդ երկու պահանջի կատարմանը: Ինչ առաջարկ է Կոնգրեսը սպասում իշխանությունից: Չէ որ չի կարող ինքը Կոնգրեսը չունենալ պատկերացում այդ մասին: Արդյոք խոսքը “ազգային համաձայնության” կառավարության ձեւավորման մասին է, թե “ժամանակավոր” ինչ որ խորհրդի, որը կձեւավորեն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, այդ խորհրդին օժտելով առաջին հերթին քաղաքական “իմպերատիվությամբ”:
Թե՞ Կոնգրեսը կմերժի Սերժ Սարգսյանի ցանկացած օգնություն, եթե դրա հիմքում լինելու է նրա նախագահության պահպանմանն աջակցելն ու Քոչարյանի հնարավոր “էքսպանսիան” կանխելը: Դրա համար, իհարկե, նախ պետք է գնահատել Քոչարյանի վերադարձի իրատեսականությունը: Չէ որ Սերժ Սարգսյանը կարող է ուռճացնել այդ իրողությունն ու դրա անվան տակ Կոնգրեսին հակել համատեղ “կյանքի”` ընդդեմ Քոչարյանի, իսկ իրականում` ընդդեմ “հողմաղացի”:
Մյուս կողմից, Կոնգրեսը պետք է գնահատի նաեւ իր “ջրբաժանային” հնարավորությունները: Եթե դրանք կան, ապա բնականաբար անտրամաբանական կլինի, եթե Կոնգրեսը դրանք մի կողմ դնի եւ աջակցի Սերժ Սարգսյանին: Բայց, եթե այդ “ջրբաժանային” հնարավորություններն իրականում ավելի սուղ են, քան ենթադրում են հանրահավաքային էմոցիաները, այդ դեպքում Կոնգրեսի համար քաղաքական իմաստով շահեկան կլինի Սերժ Սարգսյանի հետ նույնիսկ “հողմաղացի” դեմ պայքարելը` դա ներկայացնելով որպես պայքար Քոչարյանի ռեալ վտանգի դեմ, քանի որ հակառակ պարագայում շատ դժվար է լինելու արդեն նույնիսկ սեփական ջերմեռանդ համակիրներին բացատրել, թե ինչու է հապաղում “ջրբաժանը”:
Հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանն ինչու պետք է Քոչարյանի վտանգ հորինի ու Կոնգրեսին կապի իրեն, եթե տեսնի, որ Կոնգրեսը չունի լուրջ եւ ճակատագրական ջրբաժանի ռեսուրս: Նախ, չունենալով այդ ռեսուրսը, Կոնգրեսն այդուհանդերձ ունի Սերժ Սարգսյանին մանր ու միջին “անհանգստություններ” պատճառելու ռեսուրս, ինչը կարող է նրա համար խնդիրներ առաջացնել թե միջազգային ասպարեզում, թե նաեւ կարող է նյարդայնացնել, հունից հանել եւ էմոցիոնալ ֆոնի պարագայում մղել լուրջ սխալների: Իսկ Սերժ Սարգսյանի այդ սխալից եթե Կոնգրեսն էլ չօգտվի, Քոչարյանը կօգտվի անպատճառ` անգամ եթե մինչ տվյալ պահը իշխանության համար ակտիվ պայքարի գործնական քայլեր արած չլինի:
Այդ իսկ պատճառով, Սարգսյանին շահեկան է Կոնգրեսին հետ պահել անգամ մանր ու միջին, ոչ ճակատագրական կսմիթներ հասցնելու մտքից, առավել եւս, որ նկատի ունենալով Կոնգրեսի անփոփոխ դոմինանտությունն ընդդիմադիր դաշտում, Սերժ Սարգսյանն այդպիսով իրեն առավել լայն ճակատով է ապահովագրում, քան զուտ կոնգրեսական ճակատը:
Այդ դեպքում իրավիճակը ճահճացումից դուրս կարող է բերել Քոչարյանը, կամ իսկապես ամենաակտիվ կերպով մտնելով քաղաքականություն, կամ էլ բաց ու միանգամայն հստակ կերպով հայտարարելով դրանից առնվազն իքս ժամկետով հեռու մնալու մտադրության մասին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


No comments: