Thursday, September 8, 2011

Մենք դեռ չենք գտել մեր տեղն աշխարհում. Իգոր Մուրադյան

«Մինչ օրս մեր երկրի արտաքին քաղաքականությունը չի մշակվել, և մենք մինչ այսօր չգիտենք՝ ինչպես պահել մեզ աշխարհում, ինչպես արձագանքել արտաքին իրադարձություններին: Մեր էլիտան, անգամ նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է դա իմանային, ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում աշխարհում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը՝ խոսելով Հայաստանի անկախության բացթողումների մասին: Մուրադյանի խոսքով՝ անկախ Հայաստանի երկրորդ բացթողումն այն է, որ մենք մինչ օրս չենք մշակել տնտեսական քաղաքականության հայեցակարգը, անգամ չեն ընդգծվել տնտեսության կարևոր ճյուղերը: «Մենք չենք լսել անգամ այն պարզ բանը, թե ինչպիսին պետք է լինի մեր տնտեսությունը, ինչից պետք է այն բաղկացած լինի»,- նշեց Մուրադյանը:
Ըստ նրա՝ անկախություն կոչվածը վաղուց գոյություն չունի, անգամ մեծ տերությունները չունեն անկախություն: Իգոր Մուրադյանի խոսքով՝ աշխարհը բաղկացած է լիդերներից, նրանց գործընկերներից և այն պետություններից, որոնք ոչ մի խոսք չեն կարող ասել աշխարհի տնտեսական կամ քաղաքական խնդիրներում: «Մենք ոչ լիդեր ենք, ոչ էլ այդ պետություններից, մենք պետք է դառնանք լիդեր պետությունների գործընկերը: Կան պետություններ, որոնք անգամ նման հավակնություններ չունեն»,- հայտարարեց քաղաքագետը՝ ավելացնելով, թե մենք դեռ չենք գտել աշխարհում մեր տեղը:

No comments: