Thursday, September 8, 2011

ԼՂ խնդի լուծման միակ ընդունելի տարբերակը խաղաղ ճանապարհն է. Ֆիլիպ Լեֆոր

News.am. 8-9-2011- ԼՂ խնդի լուծման միակ ընդունելի տարբերակը խաղաղ ճանապարհն է եւ անընդունելի է ռազմական ճանապարհով խնդրի լուծման ցանկացած փորձ: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Բաղդասարյանն ընդգծել է, որ բացառապես խաղաղ բանակցությունների եւ փոխընդունելի փոխզիջումների միջոցով հակամարտության կարգավորման Հայաստանի հստակ եւ անփոփոխ դիրքորոշումը մշտապես հնչեցվել է տարբեր միջազգային հարթակներում: Այնուամենայնիվ, մեր հարեւան երկրի գործելաոճն այս հարցում բնութագրվում է անսկզբունքայնությամբ եւ մերթընդմերթ ուղեկցվում նույնիսկ միջազգային հանրության համար էլ արդեն սովորական դարձած ռազմատենչ հայտարարություններով, ինչը լուրջ խոչընդոտ է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի արդյունավետ իրականացման համար:
Նա նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնացել մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկայի եւ հեռահաղորդակցության ոլորտներում իրականացվող տարածաշրջանային ծրագրերից: Այս իրողությունը համահունչ չէ սերմանվող արժեքների` համերաշխության եւ փոխգործակցության վրա հիմնված եվրոպական ինտեգրացիայի գործընթացին: ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ այնուհանդերձ Հայաստանը բաց է եւ պատրաստակամ իր հարեւանների հետ հարաբերություններում եւ որդեգրել է կառուցողական դիրքորոշում:Նշենք, որ Ֆիլիպ Լեֆորը նախկինում զբաղեցնում էր Ֆրանսիայի ԱԳՆ` Մայրցամաքային Եվրոպայի հարցերով վարչության պետի պաշտոնը:

No comments: