Thursday, September 8, 2011

ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՆ Ի՞ՆՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՈՂ ԿԱՄ ԱՄՐԱՊՆԴՈՂ

Եվրոմիության հատուկ ներկայացուցիչը Երեւանում

«ԱԶԳ», 08-09-2011- Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը որոշ դեպքերում մեկնաբանվում է որպես Եվրոմիության ներգրավվածություն, նորություն չեն բարձրաձայնումները, թե Եվրոմիությունն առավել ակտիվ դերակատարության հավակնություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Միեւնույն ժամանակ, Եվրոպական միության գործունեության ձեւաչափն ու առայժմ դրսեւորած ներուժը արտաքին քաղաքական հարցերում, թեկուզ հակամարտությունների կարգավորման զգալի փորձ ունեցող Եվրոպայի պարագայում, ոչ մի հիմք չեն տալիս լավատես լինելու, թե Ֆրանսիայի փոխարինումը Եվրոմիությամբ կարող է դրական ազդել ղարաբաղյան գործընթացի վրա, եթե, իհարկե, հաշվի չառնենք մի տարբերակ, որի դեպքում Հարավային Կովկասի երկրները դառնան ԵՄ-ի մաս:
Այդուհանդերձ, Եվրոմիությունը բնավ էլ չի նախընտրում հակամարտող անդամներ ունենալու ուղին: «Եվրոմիությանը մերձենալու ամենակարեւոր ճանապարհը հակամարտությունների կարգավորումն է», երեկ Երեւանում հայտարարեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույցում, որին հետեւել է հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Լեֆորն ասուլիսում արձագանքեց հարցին, թե ինչպես է ԵՄ-ի ներկայացուցիչը վերաբերվում համանախագահների հաճախակի կոչերին` ուղղված զինադադարի ռեժիմի ամրպնդմանը, շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն, ինչպես նաեւ միջադեպերի կապակցությամբ քննության մեխանիզմ սահմանելու վերաբերյալ: ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այդ առաջարկները հիանալի են: Ըստ Լեֆորի. «Սրանք հիանալի առաջարկներ են, չեմ ուզում ինչ-որ բան ավելացնել»:
Ֆիլիպ Լեֆորի մատուցմամբՙ ԵՄ-ը ցանկանում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Շեշտելով, որ ղարաբաղյան գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում է ընթանում, Լեֆորը հիշեցրեց, որ այդ հարցում հիմնարար առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է, իսկ Եվրոմիությունն էլ պատրաստ է աջակցել կարգավորմանն ուղղված ջանքերին:
ԵՄ-ի ներկայացուցչի գնահատմամբ, Եվրոմիությունը դա անելու համար ունի ինչպես մեխանիզմներ, այնպես էլ փորձառություն: Չնայած այսօրինակ պնդմանը, Լեֆորի համար, պարզվում է, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու համար հակամարտության հավասարապես զոհեր են, ուստի ԵՄ-ը ցանկանում է աջակցել երկուսին էլ: Ինչեւէ, տարածաշրջան այս մտայնությամբ եկած Ֆիլիպ Լեֆորը փաստում է, թե ԵՄ-ի համար մեր տարածաշրջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, թեեւ բոլոր ներուժային հնարավորությունները կարող են զարգացում դառնալ վերջնական խաղաղության հաստատմամբ:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, հայտնեց, որ համամիտ է Եվրոմիության այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակցությունների միջոցով:
Այդուհետեւ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու ադրբեջանական նկրտումներին` Նալբանդյանը նշեց. «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նպատակը խաղաղության հաստատումն է, պահպանումը, ամրապնդումը: Եվ շատերի մեջ հարց է առաջանում` ինչպես է այնտեղ հավակնում հայտնվել մի երկիր` իր ռազմատենչ քաղաքականությամբ, իր պատերազմի քարոզչությամբ, մի երկիր, որի ղեկավարությունը պարծենում է, որ վեց տարվա ընթացքում 20 անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն, մի երկիր, որն ուժի կիրառման սպառնալիքը դարձրել է իր քաղաքականության կարեւոր մասը: Նա փաստորեն սպառնում է հենց այդ խաղաղությանը, եւ ինչպե՞ս կարող է հավակնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալուն»:
Նալբանդյանի խոսքերով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ներկայությունը ոչ միայն չի ավելացնի այդ կառույցի հեղինակությունը, այլեւ` հակառակը: Ընդ որում, այդ պարագայում կարող է բարձրանալ բոլոր այն երկրների պատասխանատվության հարցը, որոնք կարող են ձայն տալ այդ թեկնածուի օգտին, հատկապես, երբ Ադրբեջանն այդ պարագայում «մրցակցելու» է ԵՄ-ի անդամ երկու երկրների` Սլովենիայի եւ Հունգարիայի հետ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: