Saturday, September 10, 2011

Թուրքական թերթերը գրոհ են սկսել Լիբերմանի վրա

HayNews.am. 10-9-2011- Թուրքիայում անասելի մեծ աղմուկ է հանել այն տեղեկությունը, թե Ւսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը պատրաստվում է հատուկ ծրագիր մշակել, որը նախատեսում է ծնկի բերել Թուրքիային:
Ըստ իսրայելական մամուլի, Լիբերմանը պատրաստվում է համագործակցություն սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK), ինչպես նաև հայ լոբբիստական կազմակերպությունների հետ: Իսրայելցիները հայերի ու քրդերի հետ կսկսեն Թուրքիայի դեմ լայնամասշտաբ արշավը, որը նախատեսում է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին աջակցություն:
Այս ամենը թուրքական մամուլը սրերով է դիմավորել: Այսօր լույս տեսած թուրքական թերթերի առաջին էջում Լիբերմանի պատկերն է ու նրան ուղղված խոսքերը:
Մասնավորապես, «Ռադիքալ» պարբերական Լիբերմանի վերաբերյալ հոդվածը վերնագրել է «Գայլերի հովտի Լիբերմանը» («Գայլերի հովիտը» թուրքական հեռուստասերիալ է, որի պատճառով սկսվեց թուրք-իսրայելական «աթոռային ճգնաժամը»): «Վաթանն» իր վերնագրում նշում է, որ «Լիբերմանը կրակի հետ է խաղում»: Մյուս թերթերը նույնպես անդրադարձել են այս տեղեկությանը` Լիբերմանին տարբեր կոչեր ու նախազգուշացումներ ուղղելով:

No comments: