Thursday, September 29, 2011

ԱՄՆ պետքարտուղարությունն Իրանին խորհուրդ է տալիս սպառնալիքների փոխարեն կենտրոնանալ տարածաշրջանի խնդիրների վրա

News.am. 29-9-2011- ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Իրանի մտադրությունը՝ նավեր ուղարկել ԱՄՆ ափեր՝ այդ երկրին խորհուրդ տալով կենտրոնանալ տարածաշրջանի խնդիրների վրա։
«Հաշվի առնելով իրանական ռազմածովային նավատորմի սահմանափակ չափերն ու հնարավորությունները՝ Իրանի իշխանություններն, ավելի լավ է, կենտրոնանան իրենց երկրին մոտ կանգնած խնդիրների՝ ներառյալ ծովում միջադեպերի կանխման եւ նավիգացիայի ազատության ապահովման, ինչպես նաեւ Ադենի ծոցում ծովահենների դեմ պայքարի վրա»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատարը հայտարարել էր, որ Իսլամական հանրապետությունը մտադիր է ԱՄՆ ափերի մոտ ուղարկել իր ռազմական նավերը, ինչը պատասխան կլինի ամերիկյան նավերի՝ Իրանի ծովային սահմանին մոտ լինելուն։

No comments: